Կոմիտաս 5 հասցեից ոստիկանները շարունակում են բերման ենթարկել քաղաքացիների: Ծեծելով ոստիկանության բաժին բերման է ենթարկվել Armtoday.info-ի համակարգող Արգիշտի Կիվիրյանը: Կիվիրյանին բռնության են ենթարկել ոստիկանական մեքենայի մեջ եւ տեղափոխել էին ոստիկանության Արաբկիրի բաժին: Մեր տեղեկություններով, նրան այժմ տեղափոխում են հիվանդանոց:

Ոստիկանները բերման են ենթարկել նաեւ «Հայազն» վարչության անդամ Արմեն Մկրտչյանին: «Նախախորհրդարանի» քարտուղարությունից NEWS.am-ը տեղեկացավ, որ  մի քանի ժամ առաջ Կոմիտաս 5 հասցեում գտնվող ապօրինի շինարարության վայրից բերման ենթարկված Նախախորհրդարանի անդամ Եղիա Ներսեսյանը դեռևս Ոստիկանության Արաբկիրի բաժնում է: «Քիչ առաջ բերման են ենթարկել նաև Նախախորհրդարանի անդամ, հանրային պրոբլեմների արագ արձագանքման խմբի պատասխանատու Վարդան Հակոբյանին, Նախախորհրդարանի աջակից, քաղաքացիական ակտիվիստ Արմեն Միքայելյանին, հայտնի բնապահպան ակտիվիստ և Մարիամ Սուխուդյանին և մի շարք այլ ակտիվիստների: Նախախորհրդարանի ստեղծած Հանրային պրոբլեմներին արագ արձագանքման խումբը և բնակիչները շարունակում են պայքարը մի քանի անգամ իրենց թվապես գերազանցող ոստիկանական ուժերի դեմ և փակել են Կոմիտաս փողոցը:  Ինչպես արդեն տեղեկացրել ենք, Ոստիկանությունը բացահայտ ու կոպիտ կերպով բռնություն է կիրառում ակցիայի մասնակիցների նկատմամբ:

Նշենք, որ Կոմիտաս 5 հասցեում իրավիճակը շարունակում է մնալ լարված, ոստիկանությունը բերման է ենթարկել բազմաթիվ քաղաքացիների: «Նախախորհրդարանի» ներկայացուցիչները եւ քաղաքացիական ակտիվիստների խմբերը շուրջ  45 րոպեով փակել էին Կոմիտաս պողոտան, փորձում էին դիմադրել ոստիկանների եւ կարմիր բերետավորների ճնշումներին, ակտիվիստների պահանջն էր դադարեցնել շինարարությունը, որը, հակառակ խոսtումների, այսօր առավոտյան վերսկսվել եւ շարունակվում է:

«10 րոպե առաջ ստացանք տեղեկություններ, որ մահակներով եւ վահաններով հատուկ ջոկատ են ուղարկել մեր ուղղությամբ, որոշեցինք բնակիչներին վտանգի չենթարկել, համոզեցինք, որ քաղաքացիները ազատեն մայթը, քանի որ այսպես թե այնպես աշխատանքային օրը ավարտվում է եւ շինարարությունը դադարեցնելու էին»,- ասել էր կինոռեժիսոր Տիգրան Խզմալյանը: