Դամասկոսի մոտ ընթացող մարտերի ժամանակ Սիրիայի կառավարական ուժերը գրոհայինների պահեստ են հայտնաբերել` քիմիական զենքով: Այս մասին տեղեկանում ենք Սիրիայի պետական տեղեկատվական Սանա գործակալության հաղորդագրությունից: Հաղորդվում է, որ Ջոբար շրջանում, որտեղ ենթադրաբար քիմիական զենք է կիրառվել, դաժան մարտեր են տեղի ունենում բանակի եւ ընդդիմադիրների միջեւ:

Գործակալության տվյալով` Դամասկոսի արվարձան Ջոբար մտնելիս որոշ զինվորների մոտ շնչահեղձություն է սկսվել: Շտապօգնության խմբերը շարունակում են օգնություն ցուցաբերել տուժած զինվորներին: Նրանցից ոմանք ծանր վիճակում են:

«Բանակայիններն սկսել են գրավել  Ջոբար թաղամասը, որտեղ ահաբեկիչները քիմիական զենք էին կիրառել: Նրանց առաջխաղացման ընթացքում հայտնաբերվել էր  պահեստ, որտեղ գտել են  քիմիական նյութերով տակառներ, որոնց վրա գրված է եղել «պատրաստված է Սաուդյան Արաբիայում», մեծ քանակությամբ հակագազեր եւ Քաթարի ու Գերմանիայի համատեղ դեղագործական ընկերության արտադրած բժշկական դեղամիջոցներ, որոնք օգտագործվում են քիմիական թունավորման համար», ասվում է հաղորդագրության մեջ:

Հիշեցնենք, որ օգոստոսի 21-ին մի շարք լրատվամիջոցներ հայտնել էին Դամասկոսի մերձակայքում քիմիական զենք կիրառելու մասին՝ դրանում շտապելով մեղադրել Սիրիայի իշխանություններին:  Սիրիայի իշխանությունները եւ ռազմական հրամանատարությունը հերքել են այդ մեղադրանքները: Ռուսաստանի ԱԳՆ-ն այդ առիթով մեկնաբանություն էր տարածել, որտեղ ասվում էր, որ  Սիրիայում քիմիական զենք կիրառել են գրոհայինները: