Անցնող օրերի ընթացքում Երեւանի Կոմիտաս 5 հասցեում կատարվող ապօրինի շինարարության դեմ բողոքող տեղի բնակիչների, նրանց աջակցության համար այնտեղ գտնվող Նախախորհրդարանի հանրային պրոբլեմներին արագ արձագանքման խմբի, ինչպես նաեւ այլ քաղաքացիական ակտիվիստների նկատմամբ Ոստիկանության կողմից ապօրինի, անհիմն եւ խիստ անհամաչափ բռնի ուժ է կիրառվում, իսկ բողոքի ակցիայի ակտիվ մասնակիցները բերման են ենթարկվում: Այդ մասին ասվում է «Նախախորհրդարանի» հայտարարության մեջ:

«Ոստիկականության ապօրինի բռնությունն այսօր` օգոստոսի 24-ին, հասավ իր բարձրակետին եւ վերածվեց քաղաքացիների նկատմամբ զանգվածային բռնության հատուկ գործողության: Բոլորի համար եւս մեկ անգամ պարզ դարձավ, որ մենք պետություն չունենք, իսկ իրեն որպես պետություն ներկայացնող կառավարման համակարգը մեր երկիրը զավթած ու մեր ժողովրդին կեղեքող նորգաղութային տիրապետության գործիք է:

Հայաստանում հաստատված հանցավոր համակարգին ծառայող Ոստիկանության` ընդամենը մեկ ապօրինի շինարարության նման փոքր հարցի նկատմամբ այս աննախադեպ մասշտաբի ու ուժգնության հակադարձությունը վկայում է այն մասին, որ երեւույթը միայն արտաքուստ է կապված այդ հարցի հետ:

Իրականում ինքնափլուզվող համակարգը եւ նրա միջուկը կազմող վարչախումբը կորցրել են ինքնատիրապետումը, քանի որ ի դեմս Նախախորհրդարանի ու ակտիվ քաղաքացիների տեսնում են մի ուժի, որն, ի տարբերություն մյուսներից, վերահսկելի չէ, չի ենթարկվում իրենց կանոններին եւ գործում է միանգամայն նոր ու քաղաքացիական անհնազանդության արդյունավետ տրամաբանությամբ: Ուստի, այս ծավալվող ուժի դեմ որեւէ այլ ելք չգտնելով, վարչախումբը դիմում է վերջին հնարավորությանը` բռնությանը` փորձելով հենց մեկնարկի պահից կոտրել այս նոր ուժի դիմադրությունը:

Նախախորհրդարանը հավաստիացնում է, որ ոչ մի ուժ չի կարող կասեցնել մեր պայքարը, քանի որ դրա նպատակը Հայրենիքի ազատագրումն է եւ ժողովրդավարության հաստատումը: Մեր պայքարի շնորհիվ ժողովրդի եւ համակարգի ուժերի այսօրվա հարաբերակցությունը կարճաժամկետ հեռանկարում փոխվելու է հօգուտ ժողովրդի: Եվ այդ ժամանակ ժողովուրդն իր կամքը կպարտադրի նրան ու պատասխանատվության կենթարկի իր իշխանությունը յուրացրած բոլոր հանցագործներին, այդ թվում`նաեւ այսօր ժողովրդի եւ օրենքի դեմ բացահայտ ոտնձություններ կատարած ոստիկաններին»,- նշել են հայտարարության հեղինակները: