Վրաստանի վարչապետ Բիձինա Իվանիշվիլիի ընտանիքն այլեւս չի ցանկանում վաճառել «TV-9» հեռուստաընկերությունը, նրա սարքավորումները կփոխանցվեն «GDS» ժամանցային հեռուստաալիքին: Ինչպես հաղորդում են վրացական ԶԼՄ-ները, այդ հեռուստաալիքը պատկանում է վարչապետի որդուն՝ Բերա Իվանիշվիլիին: Սեպտեմբեր ամսից այն եթեր կհեռարձակվի թարմացված ձեւաչափով:
Ինչպես հաղորդում է «Front News»-ը, սարքավորումները սկսել են տեղափոխել երեկ եւ մինչ այժմ շարունակում են:
Հիշեցնենք, որ «9-րդ ալիքը» դադարեցրել էր հեռարձակումը մի քանի օր առաջ, այն բանից հետո, երբ վարչապետը հայտնել էր այն փակելու մտադրության մասին: Բիձինա Իվանիշվիլին հայտարարել էր, որ մտադիր է հեռուստաալիքը վաճառել 10 օրվա ընթացքում: Վրաստանի վարչապետը սա մեկնաբանել էր Վրաստանում արդար ու թափանցիկ ընտրություններ անցկացնելու ցանկությամբ: Դրանք նշանակվել են 2013թ. հոկտեմբերի 27-ին: Նրա խոսքով «Երկրի առաջին դեմքերը չպետք է սեփական հեռուստաալիքներն ունենան, չնայած, որ օրենքը դա իրենց չի արգելում»:





























