Քաղաքացիական հանրությունը եւս մեկ անգամ միավորում է իր ջանքերը անարդարության եւ հանրային շահի դեմ ուղղված հերթական ոտնձգության դեմ՝ տվյալ դեպքում Կոմիտաս 5 հասցեում, իր անօրինության եւ բնակիչների շահերի ոտնահարման տեսակետից աղաղակող, «կետային շինարարության» դեմ: Այս մասին նշված է «Հայազն» կուսակցության կենտրոնական վարչության տարածած հայտարարության մեջ:
«Ի պատասխան խաղաղ քաղաքացիական ընդվզման՝ իշխանությունը կիրառում է աննախադեպ եւ բացարձակապես չհիմնավորված ոստիկանական բռնություն: Մասնավորապես օգոստոսի 24-ին փողոցում ծեծի եւ նվաստացման ենթարկվեցին բազմաթիվ քաղաքացիներ, իսկ մեկ տասնյակից ավել ակտիվիստներ «բերման ենթարկվեցին», իսկ իրականում, առեւանգվելով, փոխադրվեցին ոստիկանական բաժանմունք»,- հայտնում է կուսակցությունը:
«Հայազնը» մեծագույն համակրանքով է վերաբերվում Ազատ Քաղաքացու կամքը արտահայտող քաղաքացիական շարժումների հիմնական նպատակներին, եւ բազմաթիվ հայազնականներ այդ շարժումների ամենաակտիվ մասնակիցներն են: Պատահական չէ, որ օգոստոսի 24-ին ապօրինի առեւանգվածների մեջ էր նաեւ «Հայազնի» վարչության անդամ Արմեն Մկրտչյանը:
«Հայազն» կուսակցության վարչությունը իր բացարձակ զորակցություն է հայտնում իր ընկերներին, ովքեր պատվով իրենց քաղաքացիական պարտքն են կատարում, եւ խստագույնս զգուշացնում է սեփական հանրությանը պատերազմ հայտարարած ուժերին, որ ցանկացած ապօրինություն կամ բռնության փորձ ստանալու են համապատասխան հավաքական պատասխան ողջ «Հայազնի» կողմից:
«Վարչությունը նաեւ գոհունակություն է հայտնում Արմեն Մկրտչյանին՝ քաղաքացուն եւ հայ ազգային-հեղափոխականին վայել պահվածքի համար: Կեցցե՜ Ազգային Հեղափոխությունը»,- ասված է վարչության հայտարարության մեջ:





























