Կոմիտաս 5-ում այսօր համեմատաբար հանդարտ է վիճակը, որեւէ տեխնիկա շինհրապարակում չի աշխատում: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց կինոռեժիսոր Տիգրան Խզմալյանը:

Նա տեղեկացրեց, որ առավոտվանից մի խումբ բանվորներ ձեռքով սկսել են բետոնապատման աշխատանքները, բայց բնակիչների հորդորներից հետո քիչ անց դադարեցրել են: Տարածքում գտնվում են համեմատաբար քիչ թվով ոստիկաններ, ինչպես նաեւ 8-10 բնակիչ եւ մի քնաի ակտիվիստներ: 

Տիգրան Խզմալյանն ասաց, որ իրենց հասած տեղեկություններով` մի քանի ակտիվիստներ այժմ հետախուզման մեջ են: «Ոստիկանությունը տեսանյութերի հիման վրա պատրաստել է որոշակի մեղադրական արձանագրություններ եւ մեր տեղեկություններով` մի քանի ակտիվիստների են պատրաստվում ձերբակալել: Գիտենք նաեւ որ դա անձամբ փոխգնդապետ Արայիկ Պետրոսյանի նախաձեռնությունն է, նա անձամբ է նախաձեռնել մարդկանց որսը»,- ասաց Տիգրան Խզմալյանը:

Նա նաեւ շեշտեց, որ բնակիչները զայրացած են, չեն ուզում լսել «կոմպրոմիսների» մասին, քանի որ խոստումները արդեն բազմիցս խախտվել են:

Նշենք, որ երեկ բռնություններ են եղել Կոմիտաս 5-ում եւ Երեւանի քաղաքապետարանի մոտ ոստիկանների կողմից: Ոստիկանները 26 մարդու բերման են ենթարկել Կոմիտասից, եւս 16-ին` քաղաքապետարանի մոտից:

Ոստիկանությունը նաեւ հայտարարություն էր տարածել` ցուցարարներին մեղադրելով ապօրինությունների մեջ եւ սպառնալով. «Չնայած այն հանգամանքին, որ արդեն մոտ երկու տարի ոստիկանության ծառայողները դրսեւորել են հանդուրժողականություն եւ չեն տրվել սադրանքների, այնուամենայնիվ կրկին անգամ հիշեցնում ենք, որ կատարվող իրավախախտումները նախականխելու եւ խափանելու նպատակով, որպես ծայրահեղ միջոց, ՀՀ ոստիկանությունը իրավասու է ցանկացած պահի` օրենսդրությամբ սահմանված դեպքերում եւ կարգով  կիրառել ֆիզիկական ուժ եւ հատուկ միջոցներ»: