Ռուսաստանի նախագահի այցը Բաքու միանգամայն հակասական վերաբերմունք է առաջացրել, եւ դրա արդյունքները ավելի ուշ կերեւան: Այս մասին այսօր՝ օգոստոսի 26-ի մամուլի ասուլիսում հայտարարել է ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Մկրտիչ Մինասյանը՝ անդրադառնալով հայկական ազգանվամբ ռուսաստանցի լրագրողի հետ կապված միջադեպին եւ ՌԴ հայկական ծագմամբ արտգործնախարարի հանդեպ անհարգալից վերաբերմունքին:
Պատգամավորի կարծիքով այդ ամենը պատահականություն չէր: «Կարծում եմ, որ առաջիկայում մենք ռուս-ադրբեջանական հարաբերություններում նոր զարգացումների ականատեսը կդառնանք: Ինչ վերաբերում է Ադրբեջանի նախագահի հրապարակած թվերին, դա արված էր երկրի ֆինանսական հզորությունը եւ ռուս-ադրբեջանական հարաբերությունների ծավալը ցուցադրելու համար»,- նշել է Մինասյանը՝ հավելելով, որ դա եւս մտածելու տեղիք է տալիս:
Ղարաբաղյան հարցի քննարկմանն անդրադառնալով՝ պատգամավորն ընդգծել է, որ բացառապես քաղաքական ճանապարհով այն կարգավորելու մասին Պուտինի կարճ հայտարարությունից հետո պետք է եզրակացնել, որ Ռուսաստանի դիրքորոշումն այդ հարցում շատ կոշտ է եւ նրա շահերը փոփոխության չեն ենթարկվել:
Նշենք, օգոստոսի 13-ին ՌԴ նախագահն աշխատանքային այցով մեկնել էր Բաքու: Այցի ընթացքում ստորագրվել էին տնտեսական եւ էներգետիկական բնագավառին առնչվող մի շարք համաձայնագրեր:





























