Իրավաբան Ահմադ Իրակի Նասսարը դատական հայց է ներկայացրել Եգիպտոսի վարչական դատարան՝ պահանջելով պաշտոնապես ճանաչել Հայոց ցեղասպանությունը, որը իրականացվել է Օսմանյան կայսրության կառավարության կողմից 1915-ին:
«Ալ-Մասալահ» կայքի փոխանցմամբ, հայցում հիշատակվում է հայերի կյանքը՝ սկսած 11-րդ դարից, իրար հաջորդող իշխանությունների ստվերի ներքո: Դրանցից վերջինն Օսմանյան կայսրությունն էր, որը ճանաչվել էր առանձին պետություն իր սեփական իրավունքներով եւ 19-րդ դարում սկսեց վայրէջք ապրել՝ անվանվելով «Եվրոպայի ծեր մարդ»: Մի շարք ազգեր ստացան իրենց ինքնիշխանությունը:
Հայցում նաեւ ասում է, որ օսմանյան սուլթան Աբդ Էլ-Համիդ Երկրորդը հայերի, հույների եւ ասորիների իրավունքների նկատմամբ առաջին ոտնձգություններն է կատարել՝ կազմակերպելով նշված ազգերի կոտորածները տնտեսական եւ կրոնական բազում պատճառներով: Այս կոտորածները հայցում նշվում են «համիդական կոտորածներ» անվան տակ:
Եգիպտոսի ընդդիմադիր ազգային ճակատը Թուրքիայի հետ հարաբերությունների սրացման ֆոնին կրկին բարձրացրել է Ցեղասպանության ճանաչման հարցը: ճակատի ներկայացուցիչ Մուհամմադ Սաադ Խեյր Ալլահը ճակատի անունից հայտարարել է. «Անհրաժեշտ է Եգիպտոսից վտարել Քաթարի եւ Թուրքիայի դեսպաններին»՝ ավելացնելով, որ Հայոց ցեղասպանությունը ճանաչել է 24 պետություն, իսկ Եգիպտոսը հարցը քննարկելու է սեպտեմբերի 4-ին:
Նա նաեւ ավելացրել է, որ «Եգիպտական կառավարության կողմից Հայոց ցեղասպանության ընդունումը հարված կհասցնի Թուրքիային»:





























