Հայաստանի ԱԻ նախարարությունում այսօր՝ օգոստոսի 26-ին տեղի է ունեցել հերթական ամենշաբաթյա խորհրդակցությունը, որը վարել է նախարար Ա. Երիցյանը։
ԱԻՆ լրատվական ծառայությունից հայտնում են, թե ՓԾ տնօրենի տեղակալ, գեներալ-մայոր Վ. Գաբրիելյանը զեկուցել է շաբաթվա ընթացքում գրանցված արտակարգ պատահարների ու ձեռնարկված միջոցառումների մասին։
Այս շաբաթ ամփոփվել է մարդկանց անվտանգության ու փրկության թեմայով «Արիության համաստեղություն» հանրապետական փառատոնի մասնակիցների կազմը, իսկ հաղթողները կպարգեւատրվեն սեպտեմբերի 4-ին նշվող ՀՀ ԱԻ աշխատակցի օրվան նվիրված տոնական միջոցառումների ընթացքում։
Օգոստոսի 20-21-ը Շվեյցարիայի զարգացման եւ համագործակցության գործակալության գրասենյակի աջակցությամբ որոնողական աշխատանքների թեմայով դասընթացներ են կազմակերպվել փրկարարների համար, որոնք պիտի ընդգրվեն ԻՆՍԱՐԱԳ-ի չափանիշներին համապատասխան միջազգային որոնողափրկարարական թիմերում։
ՓԾ տնօրենի տեղակալը զեկուցել է նաեւ, որ ընթացքի մեջ են ԱԻՆ միասնական բազայի կառուցապատման եւ հոկտեմբերին ԼՂՀ-ում կայանալիք համատեղ խոշոր ուսումնավարժության նախապատրաստական աշխատանքները։
«ՍՊԾ» գործակալությանը նախարար Ա. Երիցյանը հանձնարարել է ուսումնասիրել ՀՀ տարածքում գտնվող ջրամբարների շուրջ տեղադրված սեյսմատվիչների վիճակը եւ ներկայացնել առաջարկություն` դրանց վերագործարկման ու սարքերի նկատմամբ հսկողություն սահմանելու վերաբերյալ։
ՃԿՊԱ ռեկտոր, գնդապետ Հ. Մաթեւոսյանը զեկուցել է Լուսակերտի ուսումնական բազայի բարեկարգման աշխատանքների վերաբերյալ։ Շուտով ՀՀ ՊՆ աջակցությամբ այնտեղ կտեղադրվեն ուղղաթիռի եւ ինքնաթիռի մոդելներ` ուսումնավարժանքների ժամանակ ավիավթարների նմանակման համար։
ԱՌՆԱՊ հիմնադրամի տնօրեն Մ. Պողոսյանը հայտնել է, որ նախորդ շաբաթ ԱԻ նախարարի Լոռու մարզում հրավիրած արտագնա խորհրդակցությունը շատ մեծ դրական արձագանք է ստացել։ Ա. Երիցյանը նշեց, որ նման հանդիպումներ են լինելու ՀՀ բոլոր մարզերում։ Առաջիկայում նախատեսվում է այցելել Շիրակի եւ Տավուշի մարզ։





























