Լաչինից փախստական, առաջին խմբի հաշմանդամ, Իմիշլիում ապրող Վահիդ Ջաֆարովը բողոքում է իրեն թալանած բժիշկներից:

Ադրբեջանական լրատվամիջոցները հայտնում են, որ այդ կապակցությամբ նա բաց նամակով դիմել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւին: Նամակի պատճեններն ուղարկվել են նաեւ Հեյդար Ալիեւի հիմնադրամի նախագահ Մեհրիբան Ալիեւային, գլխավոր դատախազ Զաքիր Գարալովին, առողջապահության նախարար Օգտայ Շիրիլայեւին եւ մարդու իրավունքների պաշտպան Էլմիր Սուլեյմանովային:

Ջաֆարովը գրում է, որ 2012թ. հուլիսի 15-ին ինքը վթարի է ենթարկվել  կին վարորդի պատճառով: Դրա հետեւանքով Ջաֆարովը կորցրել է մի երիկամը, իսկ մյուսը դադարել է գործելուց եւ դրա գործունեությունն ապահովվում է դիալիզի միջոցով:

Ըստ նրա` Ֆիզուլիի մարզային հիվանդանոցի բժիշկ Անարն առաջարկել է 6000 մանաթով  կազմակերպել երիկամի փոխպատվաստման վիրահատություն Բաքվի հիվանդանոցում` Հեյդար Ալիեւի հիմնադրամի բարեգործական ակցիայի շրջանակում: Ըստ Ջաֆարովի`ինքը պաշտոնապես հիվանդանոցին է փոխանցել   3 հազար մանաթ: Սակայն 7 հիվանդներին  խոստացված բարեգործական վիրահատությունն այդպես էլ տեղի չի ունեցել:  Ընդ որում, ոչ հիվանդանոցը, ոչ էլ բժիշկը չեն վերադարձնում Ջաֆարովի փողերը: Ջաֆարովը խնդրում է աջակցել իրեն փողերը վերադարձնելու եւ բուժմանն աջակցելու համար:

Ինչ վերաբերվում է վթարին, այն քննում է Իմիշլինի շրջանային ոստիկանությունը:

Առաջիկա օրերին Ջաֆարովը մտադիր է Բաքվում մամուլի ասուլիս անցկացնել եւ մանրամասն պատմել իր ձախորդությունների մասին:

Իր հերթին Նեֆտյանիկովը, մեկնաբանելով Ջաֆարովի բողոքը, բացառել է գումար ստանալու եւ ծառայություն չմատուցելու հնարավորությունը: Հիվանդանոցի տնօրենի առաջին տեղակալ Նեֆտյանիկով Հաբիբ Յուզբաշիեւը Turan-ին հայտնել է, որ հիվանդանոցում վերջին ժամանակներս երիկամների անվճար փոխպատվաստման ակցիաներ չեն հայտարարվել եւ առնվազն մինչեւ տարեվերջ նման վիրահատություններ չեն նախատեսվում:

Բացի այդ, վիրահատությունից առաջ  հիվանդն ու նրա դոնորը պետք է արյան նմուշների զննում անցնեն եւ արյան նմուշներն ուղարկվում են Թուրքիա, քանի որ Ադրբեջանում առայժմ նման հետազոտությունների անցկացմն հնարավորություն չկա:

Դրանք թանկարժեք ծառայություններ են եւ մի քանի հազար մանաթ կարող են արժենալ: Վիրահատությունն էլ 12 հազար մանաթ արժե, ասել է Յուզբաշիեւը: