Հուլիսի 23-ից օգոստոսի 22-ն ընկած ժամանակահատվածում Երեւան-Սեւան մայրուղու չորս հատվածներում ուրբաթ օրերին ժամը 16:00-ից 22:00-ը, իսկ շաբաթ եւ կիրակի օրերին ժամը 08:00-ից-22:00-ը հերթապահություն իրականացնող Կոտայքի մարզի Աբովյանի, Չարենցավանի, Հրազդանի եւ Գեղարքունիքի մարզի Սեւանի բժշկական կենտրոնների շտապ բժշկական օգնության բրիգադների կողմից անհրաժեշտ օգնություն է ցուցաբերվել 46 անձի` նախորդող ամսվա 25-ի դիմաց։  11 քաղաքացի հոսպիտալացվել է ինչպես մարզային ԲԿ-եր, այնպես էլ մայրաքաղաքի բազմապրոֆիլ հիվանդանոց։ 

Առողջապահության նախարարության մամուլի ծառայությունից հայտնում են, թե նշված ժամանակահատվածում շտապ բժշկական օգնության բրիգադների հերթապահության ժամանակ արձանագրվել է երկու ավտովթար` օգոստոսի 10-ին, ժամը 19.30-ի եւ օգոստոսի 17-ին, ժամը 17-50-ի սահմաններում Հրազդանի հենակետի սպասարկման տարածքում։ Արդյունքում տուժել է հինգ ուղեւոր։ Անհրաժեշտ առաջին եւ անհետաձգելի բուժօգնություն ցուցաբերելուց հետո կազմակերպվել է նրանց տեղափոխումը հիվանդանոց։ Տուժածներից 4-ի մոտ եղել են միջին ծանրության վնասվածքներ, իսկ մեկի մոտ արձանագրվել է գանգուղեղային վնասվածք եւ ծանր աստիճանի գլխուղեղի ցնցում։ Վերջինս տեղափոխվել է նախ Հրազդանի ԲԿ, այնուհետեւ` «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն։

Մնացած դեպքերում հերթապահող շտապ բժշկական օգնության բրիգադներին ուղեւորները հիմնականում դիմել են, զարկերակային գերճնշման, արեւահարության, ալերգիկ վիճակի, գոտկասրբանային ռադիկուլիտների, նեյրոցիրկուլյատոր դիստոնիայի եւ այլ դեպքերի կապակցությամբ։ Ընդհանուր առմամբ հուլիսի 23-ից օգոստոսի 22-ը Սեւանի հենակետում բժշկական օգնություն է ցուցաբերվել 15, Հրազդանի հենակետում` 12, Չարենցավանի հենակետում` 13, իսկ Աբովյանի հենակետում` 6 մարդու։

Հիշեցնենք, որ այս հերթապահություններն իրականացվում են ՀՀ առողջապահության նախարար Դերենիկ Դումանյանի հրամանով ճանապարհատրանսպորտային պատահարների հետեւանքով տուժած անձանց շտապ բժշկական օգնությունը պատշաճ եւ արագ կազմակերպելու նպատակով։

Հերթապահությունները նույն ժամանակացույցով կիրականացվեն  մինչեւ սեպտեմբերի 20-ը։