Վերաքննիչ քրեական դատարանում այսօր՝ օգոստոսի 26-ին կայացել է Հայ ազգային կոնգրեսի ակտիվիստներ Տիգրան Առաքելյանի, Սարգիս Գեւորգյանի, Դավիթ Քիրամիջյանի, եւ Արտակ Կարապետյանի գործով դատական նիստը:
Այսօրվա նիստում ցուցմունք է տվել գործով վկա Սահակ Մուրադյանը: Վերջինս նշել է, թե ոստիկանները ծեծի են ենթարկել իրեն եւ մյուս ակտիվիստներին Խնկո ապոր գրադարանի մոտ եւ մեքենայում: Նա նշել է, թե գետնին են գցել Արտակ Կարապետյանին եւ Տիգրան Առաքելյանին, դաժանաբար հարվածել: Մուրադյանի խոսքով, իրավապահները հրաժարվել են պարզաբանել, թե ինչու են իրենց բերման ենթարկում, հայհոյել են եւ հարվածել: Մուրադյանը նշել է, թե դեպքի օրը ուժ կիրառվել է իրենց վրա, քանի որ ոստիկանները հստակ գիտեին, թե ովքեր են իրենք:
Նույնաբովանդակ ցուցմունքներ է տվել նաեւ ՀԱԿ վարչության անդամ Արեգ Գեւորգյանը՝ նշելով, որ իրենց հետ կատարվածը քաղաքական հաշվեհարդար էր:
Դատարանում ընթերցվել է նաեւ նախկին ոստիկանապետ Ալիկ Սարգսյանի հարցազրույցի սղագրությունը, սակայն վերաքննիչ դատավորների եռյակը մերժել է պաշտպանական կողմի միջնորդությունը՝ Ալիկ Սարգսյանին դատարան հրավիրելու վերաբերյալ:
Դատակն հաջորդ նիստը կայանալու է սեպտեմբերի 10-ին:
Հիշեցնենք, որ հուլիսի 20-ին Երեւանի Կենտրոն եւ Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Գագիկ Պողոսյանը հրապարակել էր ՀԱԿ-ի ակտիվիստներ Սարգիս Գեւորգյանի, Դավիթ Քիրամիջյանի, Տիգրան Առաքելյանի եւ Արտակ Կարապետյանի գործով դատավճիռը: Տիգրան Առաքելյանը դատապարտվել էր 6 տարվա ազատազրկման, Արտակ Կարապետյանը` 3, Սարգիս Գեւորգյանը եւ Դավիթ Քիրամիջյանը` 2-ական տարվա ազատազրկման: Վերաքննիչ քրեական դատարանը նոյեմբերի 13-ին անփոփոխ էր թողել դատավճիռը, եւ ՀԱԿ ակտիվիստների փաստաբանները բողոքարկել էին այն Վճռաբեկ դատարանում: Վճռաբեկ դատարանը գործը հետ էր ուղարկել Վերաքննիչ քրեական դատարան:
2011թ. օգոստոսի 9-ին Խնկո Ապոր գրադարանի մոտ տեղի ունեցած միջադեպից հետո ոստիկանության Կենտրոնի բաժին բերման էին ենթարկվել Հայ ազգային կոնգրեսի 7 ակտիվիստներ: Ավելի ուշ, երիտասարդներից 4-ի մասով գործն ավարտվել էր եւ ուղարկվել դատարան, մյուս երեք երիտասարդների մասով գործը դեռեւս գտնվում է ՀՔԾ-ում: Վեց երիտասարդները ստորագրությամբ ազատ էին արձակվել, իսկ Տիգրան Առաքելյանը կալանավորված էր մնացել:
Ըստ ոստիկանության, գրադարանի մոտ միջադեպն սկսել էր այն բանից, երբ ոստիկանները մի երիտասարդի հորդորել էին շանը ման տալ դնչկալով, մինչդեռ երիտասարդների պնդմամբ, միջադեպը սկսվել էր ոստիկանների սադրիչ գործողությունների հետեւանքով:Նրանք նաեւ նշել էին, թե ոստիկաններն իրենց դաժան ծեծի են ենթարկել:
Լուսանկարը՝ ԱրսենՍարգսյանի/NEWS.am





























