2013թ.-ի օգոստոսի 26-ի դրությամբ Հայաստանում Ֆիրուզ Ֆարաջաեւից բացի այլ գերիներ չկան: Այդ մասին հայտնել է գերիների, պատանդների ու անհետ կորածների հարցերով հանձանաժողովին կից աշխատակազմի ղեկավար Արմեն Կապրիելյանը՝ NEWS.am-ի թղթակցի խնդրանքով մեկնաբանելով տվյալները, որոնք հայտնել էր Ադրբեջանի՝ գերիների, պատանդների ու անհետ կորածների հարցերով պետական հանձանաժողովի քարտուղար Շահին Սաիլովը:

Սաիլովի պնդմամբ, պետական հանձնաժողովում 4035 մարդ գրանցված է որպես անհետ կորած: Նրանցից 46-ը երեխաներ են, 255-ը՝ կանայք, 353-ը՝ ծերեր: «Պետական հանձնաժողովը հստակ փաստեր ունի այն առթիվ, որ 4035-ից 877-ը գերեվարվել են(կամ պատանդ վերցվել), որ նրանք ողջ են, եւ հայկական կողմը ժխտում է դա»,- հայտարարել է հանձնաժողովի քարտուղարը:

Հիշեցնենք, որ այս պահին Հայաստանում 200 մարդ համարվում է անհետ կորած: Տարբեր ժամանակներում տվյալներ են ստացվել, որ նշվածների մեծամասնությունը ադրբեջանական գերության մեջ է: Տվյալները բավական վստահելի աղբյուրներից են: Տեղեկատվության ճշտումից հետո ստացվեց 90 հոգուց բաղկացած ցուցակ: