Վերաքննիչ դատարանը վերացրել է Գյումրիի նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանի դստեր փեսացուի սպանության գործով ամբաստանյալ Հարություն Սարգսյանի նկատմամբ բռնություններ գործադրելու դեպքի առթիվ նյութերով քրեական գործի հարուցումը մերժելու մասին որոշումը։ Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասել էր ամբաստանյալ Հարություն Սարգսյանի փաստաբան Լուսինե Սահակյանը:
Նշենք, որ Հարություն Սարգսյանի նկատմամբ Շիրակի ոստիկանության մարզային վարչությունում եւ Երեւանում՝ ձերբակալվածների պահման վայրում գտնվելու ժամանակ բռնություններ էին գործադրվել։ Ըստ նրա բացատրության՝ իր նկատմամբ բռնություններ են գործադրել Շիրակի ոտսիկանապետ Կարեն Բաբակեխյանը, նրա տեղակալը, Երեւանի ոստիկանապետ, իսկ այդ ժամանակ քրեական հետախոզության վարչության պետ Աշոտ Կարապետյանը եւ մի քանի այլ ոստիկաններ։ Լուսինե Սահակյանը նշեց, որ իրենք նյութեր ունեն, որոնք ապացուցում են, որ Աշոտ Կարապետյանը այդ ժամանակ եղել է Շիրակում։ Հարություն Սարգսյանը կոնկրետ նշել էր այն անձանց, ովքեր իրեն բռնության են ենթարկել, ասել է, որ կճաչանի նրանց։ Այդ ոստիկանների շարքում եղել են նաեւ դիմակավորված անձինք։
Այդ ժամանակ Հայաստանի դատախազությունից պարզել էին, որ գործի հարուցումը մերվել է։ Ընդհանուր իրավասության դատարանը չէր վերացրել գործի հարուցումը մերժելու մասին որոշումը։ Իսկ այժմ Վերաքննիչ դատարանը վերացրել է քրեական գործ չհարուցելու մասին որոշումը եւ պարտավորեցրել այդ բռնությունների հետ կապված հարուցել քրեական գործ։
Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ ապրիլի 12-ին, Գյումրիում սպանություն է կատարվել, սպանվածը Գյումրիի քաղաքապետ Վարդան Ղուկասյանի դստեր ընկերն է` 27-ամյա Կարեն Եսայանը: Նա առավոտյան դուրս էր եկել եւ չի վերադարձել: Կարենը գնացել էր ավտոլվացման կետ` մեքենան լվանալու: Կեսօրին ընտանիքի անդամները անհանգստացել եւ դիմել էին ոստիկանության Գյումրիի բաժին: Երեկոյան ժամը 20-ի սահմաններում ոստիկանները Սեւ Ղուլ թաղամասում հայտնաբերել էին «Մերսեդես» մակնիշի մեքենան եւ սպանված Կարեն Եսայանին մի քանի հրազենային վնասվածքներով: Ապրիլի 13-ին նա պետք է նշանվեր քաղաքապետի դստեր հետ: Փաստի առթիվ հարուցվել էր քրեական գործ Քր.օր.-ի 104 հոդվածի 1-ին մասի (Սպանությունը՝ ապօրինաբար մեկ ուրիշին դիտավորությամբ կյանքից զրկելը) եւ 235 հոդվածի 1-ին մասի (Ապօրինի կերպով հրազեն, բացի ողորկափող հրազենից եւ դրա փամփուշտներից, ռազմամթերք, ակոսափող հրազենի փամփուշտներ, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը) հատկանիշներով: Այս գործով կալանավորված է Անիի նախկին ոստիկանապետ Սամվել Սարգսյանի որդին՝Հարություն Սարգսյանը
Իսկ ավելի ուշ ավտովթարի էր ենթարկվել եւ հիվանդանոցի ճանապարհին մահացել Վարդան Ղուկասյանի դստեր փեսացուի սպանության գործը քննող քննչական խմբի անդամ, ոստիկանության Շիրակի մարզային քննչական բաժնի ՀԿԳ ավագ քննիչ, ոստիկանության փոխգնդապետ, 58-ամյա Վահրամ Բեյբությանը:
Վերաքննիչ դատարանը պարտավորեցրել է գործ հարուցել բարձրաստիճան ոստիկանների կողմից





























