Հին Երեւանի սրտում գտնվող «Ծածկած շուկայի» սեփականատեր օլիգարխը մեր աչքի առաջ բարբարոսաբար քանդում ու աղճատում է հանրապետական նշանակության հուշարձանը, իր տեսակի մեջ բացառիկ այս ճարտարապետական  ստեղծագործությունը:  Այդ մասին ասվում է «Ազատագրենք հուշարձանն օլիգարխից» հասարակական շարժման նախաձեռնող խմբի հայտարարության մեջ:

«Շուրջ երկու տարի տեւող այս բարբարոսության ընթացքում մասնագիտական եւ քաղաքացիական հանրությունը բազմիցս գրավոր կերպով ահազանգել է ՀՀ պետական բոլոր պատկան մարմիններին, այդ թվում ՀՀ դատախազությանը, սեփականատիրոջ հանցավոր ապօրինությունների վերաբերյալ` ներկայացնելով հնարավոր բոլոր փաստարկումները:

Սակայն ՀՀ իրավապահ մարմինները բավարարվել են միայն տուգանքներով եւ սին հավաստիացումներով, թե իբր ապօրինի շինարարությունը դադարեցված է ու գտնվում է խիստ հսկողության տակ:

Մինչդեռ իրեն օրենքից վեր դասող սեփականատեր օլիգարխը ոչ միայն չի ապահովել հուշարձանի պահպանությունն ու անվթարությունը, այլեւ անգամ օրենքով սահմանված տուգանքների վճարումից հետո դիտավորյալ կերպով հետեւողականորեն շարունակել է դրա քանդման ու վերակառուցման ապօրինի գործունեությունը` անթույլատրելի փոփոխությունների ենթարկելով նրա կերպարը, ներքին ու արտաքին կառուցվածքը,  նսեմացնելով հուշարձանի պատմաճարտարապետական արժեքը:  Չունենալով սահմանված կարգով պատկան մարմինների կողմից համաձայնեցված փաստաթղթեր,  արհամարելով «Պատմության եւ մշակույթի անշարժ հուշարձանների ու պատմական միջավայրի պահպանության եւ օգտագործման մասին» ՀՀ օրենքի 21-րդ հոդվածի հիմնարար դրույթը, ըստ որի հուշարձանների քանդումն արգելվում է, սեփականատերը անողոք կերպով ոչնչացրել  է հուշաձանի ծավալի մեծ մասը` դրա տեղում  տեղադրելով նոր առեւտրի օբյեկտի կառույցը: Ըստ մամուլի տեղեկությունների` սեփականատերը պատրաստվում է ս.թ. սեպտեմբերի սկզբին շահագործման հանձնել խեղված եւ խաթարված հուշարձանի տեղում ապօրինաբար կառուցվող առեւտրի օբյեկտը:

Գիտակցելով, որ նման գործընթացը ոտնահարում է մեր, Հայաստանի քաղաքացիներիս ազգային եւ մշակութային արժանապատվությունը, ինչպես նաեւ խաթարում է  “Համաշխարհային մշակութային եւ բնական ժառանգության կոնվենցիան”  վավերացված  մեր երկրի   վարկանիշը միջազգային հանրության առջեւ,   մենք` «Ազատագրենք հուշարձանն օլիգարխից» հասարակական շարժման նախաձեռնող խմբի անդամներս, հիմք ընդունելով «Պատմության եւ մշակույթի անշարժ հուշարձանների ու պատմական միջավայրի պահպանության եւ օգտագործման մասին» ՀՀ օրենքի, ինչպես նաեւ մշակութային ժառանգության վերաբերյալ միջազգային կոնվենցիաներում ներառված մի շարք նորմերի պահանջները, կոչ ենք անում սկսել օլիգարխի ձեռքից հուշարձանի հասարակական ազատագրման պայքար:

Շարժումն իր առջեւ դնում է հետեւյալ նպատակները.

1. «Ծածկած շուկայի» սեփականատիրոջն օրենքով սահմանված կարգով ենթարկել պատասխանատվության, հարկադրել նրան հատուցելու հուշարձանին հասցված վնասը եւ վերականգնելու դրա նախկին վիճակը, ինչը ենթադրում է.

- ապօրինի շինված կառույցների ապամոնտաժում,

- հուշարձանի վերականգնում իր նախնական տեսքով:

2. Դադարեցնել հուշարձանի նկատմամբ սեփականատիրոջ օգտագործման իրավունքը եւ դրա տարածքում արգելել որեւէ տնտեսական գործունեություն` մինչեւ նշված օրենքի պահանջների կատարումն ու հուշարձանի նախկին վիճակի վերականգնումը:

3. Վերը նշված պահանջները չկատարելու դեպքում իրավական միջոցներով  սեփականատիրոջը զրկել սեփականության իրավունքից:

«Ազատագրենք հուշարձանն օլիգարխից» հասարակական շարժումն այս նպատակներին հասնելու համար կիրառելու է ինչպես ՀՀ օրենքներով չարգելված բոլոր միջոցները, այնպես էլ ՀՀ Սահմանադրությամբ եւ միջազգային իրավունքի հանրաճանաչ սկզբունքներով ու նորմերով նախատեսված մարդու հիմնարար իրավունքների եւ ազատությունների իրականացմանն ուղղված քաղաքացիական անհնազանդության բոլոր հնարավոր ձեւերն ու մեթոդները»,- ասվում է հայտարարության մեջ, որը ստորագրել են քանդակագործ Վիգեն Ավետիսը, մշակույթի վաստակավոր գործիչ Գագիկ Գինոսյանը, դիրիժոր Վարդան Հակոբյանը, արձակագիր Վահրամ Մարտիրոսյանը, երգիչ Արթուր Իսպիրյանը, ճարտարապետ Սաշուր Քալաշյանը: