Վերջին շրջանում ՀՀ էկոնոմիկայի նախարարության շուկայի վերահսկողության տեսչությունը հաճախակի է տուգանում հիվանդանոցներին՝ չափման միջոցները ստուգաչափված չլինելու պատճառով: Ընդ որում՝ տուգանվում են ինչպես փոքր կամ մարզային, այնպես էլ մայրաքաղաքում գտնվող խոշոր հիվանդանոցներ:

Շուկայի վերահսկողության տեսչության պետ Լեւոն Խալիկյանը  NEWS.am-ին ասաց, որ հիվանդանոցներում իրականացնում են միայն չափագիտական վերահսկողություն, այսինքն՝ ստուգվում է տվյալ սարքի շեղման թույլատրելի աստիճանը հավաստող սերտիֆիկատի առկայությունը: Պարտադիր չափագիտական հսկողության ենթակա սարքերի ցանկը հաստատել է ՀՀ կառավարությունը, դրանց թվում են ռենտգեն սարքավորումներ, լաբորատոր սարքեր եւ այլն:

«Ցավոք սրտի՝ շատ են այն հիվանդանոցները, որոնք չափագիտական ինստիտուտի մասնագետին չեն հրավիրում եւ համապատասխան սերտիֆիկատ չեն ստանում»,- ասաց Լ. Խալիկյանը: Նրա խոսքով՝ բոլոր այն բուժհաստատություններում, որտեղ հայտնաբերվել են սերտիֆիկատ չունեցող սարքավորումներ, կիրառել են պատասխանատվության միջոց՝ տուգանք, ինչպես նաեւ արգելել են սարքի օգտագործումը մինչեւ չափագիտական ստուգման անցկացումը:

Լ. Խալիկյանն ասաց, որ հիվանդանոցային ծառայություններից օգտվող քաղաքացիները կարող են պահանջել սերտիֆիկատի առկայությունը: