Մի ոստիկան օգոստոսի 24-ին անընդհատ հետապնդում էր ինձ, հոգատար ոստիկանի դեր էր խաղում եւ փորձում էր հեռացնել տարածքից, անգամ շրթունքներով դիպել է պարանոցիս: Այս մասին այսօր` օգոստոսի 27-ին, լրագրողների հետ հանդիպմանը պատմեց Կոմիտաս 5-ում իրականացվող շինարարության դեմ պայքարող ակտիվիստներից մեկը` «Նախախորհրդարան»-ի աջակից Շողեր Մելքումյանը:
«Ես ինձ լավ չէի զգում, նա, օգտվելով իմ թուլացած վիճակից, հոգատար ոստիկանի դեր էր կատարում` «ինչի՞ կարիք ունեք, ջու՞ր բերեմ, ոնց որ լավ չեք զգում, եկեք ձեզ հեռացնեմ էստեղից»: Ես նույնիսկ չեմ էլ զգացել, թե ինչպես են նրա շուրթերը հպվում պարանոցիս: Հետո ընկերներս ցույց տվեցին նկարը եւ ես տեսա՝ ինչպես է նա թիկունքից, կոկորդիս ձեռքը դրած, խեղդելու պես չափից դուրս մոտենում ինձ, շրթունքները հպվում են իմ պարանոցին: Իրեն անընդհատ ասում էի՝ հեռու մնա եւ ինձ մատով չկպնես: Հետո ընկերներիցս մեկը եկավ ու հեռացրեց ինձ»,- պատմեց աղջիկը։
Սակայն, Շողեր Մելքումյանի համար ամենասարսափելին այն էր, որ երբ իրեն փորձում էին բռնի ուժով մոտեցնել ոստիկանական մեքենային, Արաբկիրի փոխոստիկանապետ Արայիկ Պետրոսյանը իր ականջին սեռական բնույթի հայհոյանք ասաց, իսկ ինքը բարձրաձայն կրկնեց այդ խոսքերը: Երիտասարդ աղջիկը կոչ է անում բոլոր կանանց, ում հասցեին Արայիկ Պետրոսյանը նման հայհոյանք է հնչեցրել, չամաչել եւ բարձրաձայնել այդ մասին` այդպիսով բացահայտելով վերջինիս դեմքը:
Ասուլիսի մյուս բանախոսը` ակտիվիստ Տաթեւիկ Մայիլյանը, ում եւս Արայիկ Պետրոսյանը հայհոյել է, շեշտեց, որ Արաբկիրի փոխոստիկանապետը շատ է մոտենում կանանց, մարմնով դիպչում է կամ ականջին ինչ-որ բան է ասում, այժմ ակտիվիստները միացնում են բոլոր նյութերը, որպեսզի այդ ոստիկանը պատժվի:
Ասուլիսին ներկա էր նաեւ «Ընդդեմ իրավական կամայականությունների». հ/կ նախագահ, Մարդու իրավունքների նախկին պաշտպան Լարիսա Ալավերդյան էլ ասաց, որ նման ոստիկաններն այլասերված տարրեր են եւ տեղ չպետք է ունենան որեւէ պետական կառույցում :
Հիշեցնենք, որ Կոմիտաս 5-ի բողոքի ակցիաներից մեկի ժամանակ, ըստ համացանցում տարածված տեսանյութի եւ դրանից արված լուսանկարին, ոստիկանը համբուրում է ակտիվիստի պարանոցը: «Միայն տեսագրության առկայության դեպքում հնարավոր կլինի պարզել տեղի ունեցածը: Ստոպ կադրով բոլորն էլ գիտեն, որ կարող է կեղծ տպավորություն ստեղծվել, իսկ նկարին ինչ-որ բան վերագրողներին էլ խորհուրդ ենք տալիս ժամանակից շուտ հետեւություններ չանել»,- այս թեմային անդրադառնալով մեզ հետ զրույցում ասել էր Ոստիկանության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչության պետ Աշոտ Ահարոնյանը:





























