Սամցխե Ջավախքի Չելա գյուղի միջադեպը Վրաստանում ապրող ազգային փոքրամասնությունների կարծիքի հանդեպ անհարգալից վերաբերմունք է, NEWS.am-ի թղթակցին հայտնել է «Բազմազգ Վրաստան» շարժման ղեկավար Առնոլդ Ստեփանյանը:
Ըստ նրա՝ մինարեթի շինարարության ընթացքում ֆինանսական խախտումներ են հայտնաբերվել, ինչի համար օգոստոսի 26-ին Հարկային տեսչությունը մասնագետներ է ուղարկել այնտեղ: Խախտումներ են հայտնաբերվել շինանյութերի ձեռքբերման փաստաթղթերում, որոնք գնվել էին Թուրքիայից:
Որոշվել էր ապամոնտաժել մինարեթը: Ստեփանյանը նշել է, որ դա տեղի մահմեդական բնակչության բողոքն էր հարուցել, դիմակայության արդյունքում ոստիկանները 21 մարդու էին ձերբակալել: Այս պահի դրությամբ մի քանիսը դեռ ձերբակալված են:
«Նման դեպքերում հարկավոր է հաշվի առնել ազգային շատ գործոններ: Սա առաջին անգամ չէ, որ իշխանությունները ոչ մասնագիտական մոտեցում են ցուցաբերում ազգային հարցերում»,- նշել է նա:
Հարցին՝ արդյոք այս հարցը կարող է մահմեդական բնակչության եւ իշխանությունների միջեւ բախումների հանգեցնել, Ստեփանյանը պատասխանել է, որ խորհրդարանական ընտրություններից հետո սա 3-4-դ նման դեպքն է. «Ակնհայտ է, որ սա ինչ-որ մեկին ձեռնտու է»:
Հիշեցնենք, օգոստոսի 26-ին Սամցխե Ջավախքի Չելա գյուղում իրավապահները մի քանի անձի էին ձերբակալել, որոնք մեղադրվում են ոստիկանությանը ֆիզիկական դիմադրություն ցույց տալու համար:
Վերոհիշյալ անձինք ձերբակալվել էին տեղի մզկիթի մինարեթի ապամոնտաժման ժամանակ: «Վրաստանի մահմեդականների միության» ղեկավար Տարիել Նակիձեի խոսքով՝ ապամոնտաժումն իրականացրել է տեղական իշխանությունը՝ ոստիկանների ներկայությամբ: Չելայի մզկիթը կառուցվել էր մեկուկես ամիս առաջ:




























