Երեւանում նորակառույցները խոյանում են հենց ավագանու աչքի առաջ: Այս մասին այսօր՝ օգոստոսի 27-ի մամուլի ասուլիսում հայտարարեց Հայաստանի սպառողների միության նախագահ Արմեն Պողոսյանը՝ անդրադառնալով Կոմիտասի պողոտայում բազմահարկ շենքի կառուցման դեմ բողոքին, ինչպես նաեւ քաղաքի ճարտարապետական տեսքը խաթարող մի շարք կառույցների շինարարությանը:
«Այսօր, այս պահին վանդալային հարձակում է կատարվում մեր այգիների եւ զբոսայգիների վրա: Նոր շինարարություն է ընթանում Կոմիտասի պողոտայում, Նալբանդյան փողոցում: Նիկողայոս Բունիաթյանի կառուցած հյուրանոցը, որտեղ բնակվում էր Եղիշե Չարենցը, նույնպես «զարդարված է» կցակառույցով»,- հայտարարել է Ա. Պողոսյանը: Նշենք, խոսքը «Երեւան» հյուրանոցի մասին է (այժմ՝ «Գոլդեն թյուլիփ»), որին հավելյալ հատված է ավելացել:
«Փաստաթղթեր են ցույց տվել, որոնցից հետեւում է, որ այդ կառույցը ժամանակավոր է, թեթեւ նյութերից: Սակայն նման շինությունները սովորաբար պինդ բետոնից են կառուցում: Նման կառույցները շատ են: Դրանք շարունակել են կառուցվել նաեւ գարնանը՝ Երեւանի ավագանու ընտրությունների ժամանակ», – հայտնել է Ա. Պողոսյանը:
Հաշվի առնելով, թե ինչպիսի ինտենսիվությամբ են կառուցվում այդ շինությունները, կարելի է կարծել, թե ավագանին ինքն էլ շահագրգիռ է դրանում, հավելել է Ա. Պողոսյանը: «Քաղաքապետարանի գործողությունները վերահսկող մարմինը դրանց ոչ մի կերպ չի խոչընդոտում: Եզրակացություն. ավագանուն պետք է անվստահություն հայտնել եւ բոլորին տուն ուղարկել՝ բացի միջազգային գրոյսմաստերից» – հավելել է Ա. Պողոսյանը:




























