Ոստիկանությունը նոր մանրամասներ է հրապարակել Շահամիրյանների փողոցում տեղի ունեցած խուլիգանությունից: Նշենք, որ ծեծկռտուք էր եղել բնակիչների եւ «Գրանդ Քենդի» ընկերության անվտանգության աշխատակիցների միջեւ: 

«Օգոստոսի 26-ին, ժամը 00.15-ին,  ոստիկանության Երեւան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն է զանգահարել Շահամիրյանների փողոցի 9 շենքի  մի բնակչուհի   եւ հայտնել, որ հիմնարկություններից մեկի  անվտանգության աշխատակիցները խմած հարձակվել են մարդկանց վրա, հայհոյել եւ 3 անգամ կրակել:

Պարզվել է, որ օգոստոսի 25-ին,  ժամը 23.15-ին,  1990 թ. ծնված Գեւորգ Մ.-ն  Շահամիրյանների փողոցում բարձրաձայն հայհոյանքներ տալու համար դիտողություն է արել  մի ընկերության  անվտանգության աշխատակիցներից մի քանիսին, որոնք, դիտողությունը չընդունելով, սկսել են ծեծի ենթարկել նրան` պատճառելով վնասվածքներ եւ բարձրաձայն   հայհոյանքներ տվել նրա հասցեին, իսկ երբ միջադեպը կանխելու նպատակով միջամտել են թաղամասի բնակիչները, անվտանգության աշխատակիցները շարունակել են ծեծել Գեւորգ Մ.-ին, հայհոյանքներ տվել բնակիչների հասցեին եւ չպարզված հրազենով 3-4 կրակոց արձակել բնակիչների ուղղությամբ:

Օգոստոսի 26-ին, ժամը 02.30-ին, Գեւորգ Մ.-ից ընդունվել է հաղորդում եւ նրան տրվել է դատաբժշկի ուղեգիր:

Ձեռնարկված միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ նշված աշխատակիցներն   են 1978 թ. ծնված  Արմեն Ե.-ն, 1988 թ. ծնված Արմեն Թ.-ն, 1985 թ. ծնված Բենիկ Գ.-ն եւ 1988 թ. ծնված Մովսես Գ.-ն, որոնք նույն օրը, ժամը 03.30-ին, Շահամիրյանների փողոցի թիվ 8 հասցեի մոտից բերման են ենթարկվել ոստիկանության Շենգավիթի բաժին, որտեղ Մովսես Գ.-ն խոստովանել է, որ ինքն է կրակել իրենց անվտանգության ծառայությանը պատկանող հրացանով:

Նույն օրը, ժամը 04.15-ին, նշված ընկերության անվտանգության ծառայության պետը ներկայացրել է «ՍԱՅԳԱ-410/Կ» տիպի հրացան` պահունակով, պահունակում՝ 1 կրակված պարկուճ, եւ հայտնել է, որ իրենց անվտանգության ծառայությունում միայն նշված հրացանն է ամրակցված:

Ներկայացված հրացանն ուղարկվել է փորձաքննության:

Կատարվում է հետաքննություն»,- ասվում է ոստիկանության հաղորդագրության մեջ:

Ինչպես NEWS.am-ին հայտնել էր բնակիչներից մեկը, վիճաբանությունը սկսկվել է այն բանից հետո, երբ անվտանգության աշխատակիցները բարձր հայհոյանքներով խոսել են, որի պատճառով թաղամասի բնակիչներից մեկը դիտողություն է արել, որ ցածր խոսեն, որպեսզի հայհոյանքները թաղամասով մեկ չհնչեն: Այս զգուշացումը վիրավորել է անվտանգության աշխատակիցներին եւ նրանք վիճաբանության մեջ են մտել երիտասարդի հետ, շարունակվել են հայհոյանքներն ու քաշքշոցը, որին միացել են նաեւ այլ բնակիչներ, վիճաբանությունը թեժացել է ու վերածվել ծեծկռտուքի, հնչել էր կրակոց: