Սիրիան ունի բոլոր ապացույցները, որ Արեւելյան Ղուտայում հենց ահաբեկիչներն են քիմիական զենք կիրառել: Այս մասին հայտարարել է Սիրիայի ԱԳ նախարար Վալիդ Ալ-Մուալլեմը: Նրա խոսքով՝ ԱՄՆ բոլոր ղեկավարների հայտարարությունները՝ կապված սիրիական իշխանությունների կողմից քիմիական զենքի կիրառման հետ, լիովին կեղծ են:
Ալ-Մուալլեմը հաղորդել է, որ օգոստոսի 22-ին հեռախոսազրույց է ունեցել Ջոն Քերրի հետ, որում ինքը հայտնել է, որ երկիրը շահագրգռված է բացահայտելու, թե իրականում ինչ է տեղի ունեցել Ղուտայում: Նա ընդգծել է, որ Սիրիան միանգամից տվել է իր համաձայնությունը, որպեսզի ՄԱԿ-ի փորձագետներն այցելեն դեպքի վայր եւ չի խոչընդոտել վերջիններիս աշխատանքին:
Որեւէ պետություն զանգվածային ոչնչացման զենքն իր ժողովրդի դեմ չի կիրառում, ընդգծել է երկրի ԱԳ նախարաը:
Եթե ագրեսիայի սպառնալիքի միջոցով Սիրիայի թշնամիները ցանկանում են բացասաբար անդրադառնալ երկրի ժողովրդի բարոյական ոգի վրա, ապա նրանք սխալվում են: Եթե նրանք ցանկանում են, որպեսզի սիրիական բանակը դադրեցնի ռազմական գործողություններն ահաբեկիչների դեմ, կրկին սխալվում են. ահաբեկչության դեմ պայքարը ցանկացած հանգամանքներում շարունակվելու է: «Ռազմական միջամտության դեպքում մենք երկու ընտրություն կունենանք՝ կամ կապիտուլյացիա, ինչը կտրականապես անընդունելի է, կամ ինքնապաշտպանություն բոլոր հնարավոր միջոցներով»,-հայտարարել է Սիրիայի ԱԳ նախարարը, փոխանցում է ՍԱՆԱ-ն:




























