Հայաստանի ոստիկանության պետ, գեներալ-լեյտենանտ Վլադիմիր Գասպարյանը օգոստոսի 27-ին   հանդիպել է ոստիկանության կրթահամալիրի քոլեջի առաջին շրջանավարտների հետ:

Ոստիկանության լրատվության վարչությունից հայտնում են, թե ծառայության անցնելու կապակցությամբ շնորհավորելով նորընծա սպաներին՝ Վլադիմիր Գասպարյանը կարեւորել է այն դերն ու նշանակությունը, որն ունի հատկապես այդ սերունդը ոստիկանության բարեփոխումներն իրականացնելու գործում:

ՀՀ ոստիկանության պետն անդրադառնալով ոստիկանի կոչմանը եւ ոստիկանական աշխատանքի սկզբունքներին՝ ընդգծել է օրենքին ծառայելով ժողովրդին ծառայելու գերակա պահանջը եւ երիտասարդ սպաներին կրկին հիշեցրել է, որ ոստիկանի գործունեությունը վերքաղաքական ու վերկուսակցական է, իսկ ոստիկանությունը բոլորի ոստիկանությունն է:

ՀՀ ոստիկանության պետն արդար եւ արդյունավետ ծառայություն մաղթելով ոստիկանության նոր հերթափոխին՝ հավաստիացրել է, որ նրանք մշտապես ղեկավարության ուշադրության կենտրոնում են լինելու եւ ունենալու են ամենօրյա օգնություն ու աջակցություն: