Հստակ պայմանավորվածություններ կան Կապսի եւ Վեդիի ջրամբարների կառուցման վերաբերյալ: Այդ մասին, ըստ ՀՀ տարածքային կառավարման նախարարության հաղորդագրության, հայտարարել է փոխվարչապետ Արմեն Գեւորգյանը:

Ակնկալվում է, որ նախագծող ընկերությունները մեկ տարվա ընթացքում կպատրաստեն անհրաժեշտ նախագծերը, եւ մոտ մեկ տարի անց երկու ջրամբարների համար էլ շինարարական աշխատանքների մրցույթներ կհայտարարվեն: Կապսի կառուցման ծրագիրը ֆինանսավորելու է Գերմանական զարգացման բանկը, Վեդիինը` Զարգացման ֆրանսիական գործակալությունը:

Ըստ Ա. Գեւորգյանի` Մաստարայի ջրամբարի կառուցման ծրագիրը հավանության է արժանացել Քուվեյթի զարգացման հիմնադրամի կողմից, եւ առաջիկայում սպասվում է քուվեյթցի մասնագետների այցը, որից հետո վերջնական պայմանավորվածություններ ձեռք կբերվեն: Քննարկումներ են տեղի ունենում Եղվարդի ջրամբարի կառուցման ծրագրի շուրջ: «Եթե ամեն ինչ հաջող ընթանա, առաջիկա տարիներին կկարողանանք 4 խոշոր ջրամբար շահագործել, ինչն էապես կբարելավի ոռոգման հետ կապված իրավիճակը»,-նշել է փոխվարչապետը: Նրա խոսքով` Մաստարայի ջրանցքի կառուցումը զգալի կբարելավի Արմավիր մարզի այն տարածքների վիճակը, որտեղ ոռոգումն իրականացվում է խորքային հորերի միջոցով: Ըստ նրա` թեեւ Արմավիրի մարզի սակավաջուր տարածքներում պետբյուջեի միջոցներով այս տարի ութ նոր խորքային հոր է կառուցվել, իսկ գործողները վերակառուցվել են, սակայն ոռոգման հետ կապված խնդիրը դեռ մնում է: