Ցանկած երկիր` լինի դա Ֆրանսիան, Գերմանիան, Ռուսաստանը, ունի իր ռիսկերը` ըստ երկրի տնտեսության: Հայաստանում ներդրում կատարելու ռիսկն ավելի բարձր չէ քան այլ երկրներինը, որտեղ սփյուռքահայերը ներդրումներ ունեն: Հայաստանի առավելությունն այն է, որ սփյուռքահային ծանոթ են ընդհանուր մշակույթը, լեզուն եւ ժողովուրդը: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ հարցազրույցում նշեց «Ամերիա» խմբի ամերիկյան գրասենյակի ղեկավար Րաֆֆի Մանուկյանը։  Գործարար, ֆինանսական եւ իրավաբանական խորհրդատվություն տրամադրող «Ամերիա» ընկերությունների խումբը  2011 թվականին գրասենյակ է հիմնել նաեւ Միացյալ Նահանգներում։ Գրասենյակի ղեկավարի խոսքով, նպատակը՝ Միացյալ Նահանգներից Հայաստան ներդրումներ գրավելն ու Հայաստանի ներդրումային շուկայի մասին խորհրդատվությունն է։ «Ամերիա» խմբի ամերիկյան գրասենյակի ղեկավար Րաֆֆի Մանուկյանի հետ հարցազրույցը NEWS.am-ի ընթերցողին ներկայացնում ենք ամբողջությամբ։

«Ամերիա»  խմբի՝ գործարարներին խորհրդատվական ծառայություններ եւ ներդրումներ գրավելուն ուղղված լոսանջելեսյան կազմակերպությունը գործում է մոտ երկու տարի։ Սա բավականաչափ ժամանակահատված է, որպեսզի ստեղծվի ինֆորմացիոն լավ բազա ու հաստատվեն ծանոթություններ։ Գիտեմ, որ դժվար է աշխատանքը կատարողին իր սեփական աշխատանքը գնահատելը, բայց այնուամենայնիվ ի՞նչպես կգնահատեք կատարված աշխատանքը՝ գնահատման 10 բալանի համակարգով։

Սկզբնական աշխատանքները դժվար առաջ ընթացան, ինչը բնական է:  Ամերիկայից դուրս գործող ցանկացած բիզնես Միացյալ Նահանգներում հաստատվելիս կայացման տարբեր փուլերով է անցնում:  Նախնական շրջանում մեր խնդիրն էր «Ամերիան» ճանաչելի դարձնել այստեղ, որպեսզի Սփյուռքը տեղյակ լինի,  որ «Ամերիա» ընկերությունների խումբն  արդեն ներկայացուցչություն եւ գրասենյակ ունի ԱՄՆ-ում, որտեղ ներդրողները կարող են համապարփակ ծառայություններ եւ տեղեկատվություն ստանալ:

Կարծում եմ ճանաչելիության առումով «Ամերիան» իր նախնական փուլը հաջող իրականացրեց:  Ամերիայի  ամերիկյան գրասենյակի բացման արարողությանը  ներկա էր անգամ Հայաստանի Հանրապետության նախագահը:  Բացմանը հաջորդեցին մի շարք միջոցառումներ  «Հայ-ամերիկայն Առեւտրի Պալատ»-ի հետ, դրան հաջորդեց «Արցախի Զարգացման Խմբի» հետ համատեղ կայացած «Ներդրումները Հայաստանում ու Արցախում» համաժողովը, որին  ներկա էին համայնքի ակնառու ներկայացուցիչներ ու գործարարներ:  Ներդրումների վերաբերյալ այս համաժողովը մեծ հետաքրրքություն առաջացրեց համայնքում:  Ամփոփելով նշեմ, որ նախնական փուլն արդեն անցած կարող ենք համարել, եւ այժմ մեր գործունեությունն անցել է հաջորդ` առավել ակտիվ փուլ: 

Ի պատասխան Ձեր հարցի` 10 բալանի համակարգով մեր առաջին շրջանը իմ գնահատմամբ 8 է:  Չնայած սկզբական հաստատման փուլը դժվար էր, այնուամենայնիվ գործունեությունը շատ դրական եւ արդյունավետ եմ գնահատում: Առաջին հանգրվանն անցել ենք:  Ստեղծվել է հիմք, որպեսզի ավելի արագ առաջ ընթանանք: Արդեն ստեղծված հիմքի վրա կառուցում ենք ամուր ներդրումային կամուրջ` Ամերիկահայ Սփյուռքի եւ Հայաստանի միջեւ`  ի նպաստ Հայաստանի տնտեսության:

ԱՄՆ-ում կազմակերպությունը փաստորեն բավականին բարդ առաքելություն է կատարում, փորձում է ներդրումներ գրավել դեպի Հայաստան։ Գործարարները հայտնի են իրենց պրագմատիզմով, եւ հազիվ թե բիզնեսմենը ռիսկի գնա, երբ հատկապես գործը վերաբերում է փողերին։ Հետաքրքիր է իմանալ ի՞նչ առավելություններ են նշվում Հայաստանի տնտեսության պարագայում՝ հանդիպումների ժամանակ։

Ցանկած երկիր` լինի դա Ֆրանսիան, Գերմանիան, Ռուսաստանը,  ունի իր ռիսկերը` ըստ երկրի տնտեսության: 

Հայաստանում ներդրում կատարելու ռիսկն ավելի բարձր չէ քան այլ երկրներինը, որտեղ սփյուռքահայերը ներդրումներ ունեն:  Հայաստանի առավելությունն այն է, որ սփյուռքահային ծանոթ են ընդհանուր մշակույթը, լեզուն եւ ժողովուրդը:  Հայաստանում ներդրում կատարելն ավելի հեշտ է, քան որեւէ այլ օտար  երկրում, որտեղ ծանոթ չես ոչ լեզվին, ոչ իրավական եւ ոչ էլ գործարար դաշտին:  Ամեն տարի Սփյուռքն իր ներդրումն է կատարում իբրեւ հայ` Հայաստանին օգնություն տրամադրող տարբեր հիմնադրամների ու բարեգործական ընկերությունների միջոցով եւ այսպիսով պահում է կապը Հայաստանի հետ: 

Հայ լինելը եւ ներդրումային դաշտին լավ տիրապետող գործընկեր ունենալը`ի դեմս Ամերիայի, բնականաբար նպաստավոր են:  Իսկ ռիսկերի առումով ընդունված օրինաչափություն կա. բարձր է ներդրման շահութաբերությունը, բարձր են նաեւ ռիսկերը:  Այս օրինաչափությունը գործում է նաեւ ԱՄՆ-ում: Եթե ներդրողը նախընտրում է ապահով ռիսկով ներդրում կատարել, ապա կարող է գումարները պահել ԱՄՆ-ում  եւ ստանալ 0.5 -1 % շահույթ: Եթե ներդրողն առավել բարձր շահութաբերություն է ակնկալում, քան պարզապես այստեղ բանկում գումարը պահելը, ուրեմն  պետք է պատրաստ լինի ավելի ռիսկային ներդրման: Հայաստանում գուցեեւ ռիսկերը փոքր-ինչ ավելի բարձր են, բայց բարձր է նաեւ կատարված ներդրման շահութաբերության տոկոսը: 

Սփյուռքահայ ներդրողներին մենք տալիս ենք հայրենիքում ավելի բարձր շահութաբերություն ապահովող ներդրման հնարավորություն եւ տարբերկաներ:  Հայաստանում ակնկալվում է զբոսաշրջիկների մեծ հոսք, եւ միջին կարգի հյուրանոցների համար կա մեծ շուկա` բարձր շահութաբերությամբ: Ներդրումները միշտ էլ ենթադրում են ռիսկայնություն: Մեր գործն է պարզապես ներկայացնել  մեր հայրենակիցներին ներդրման ռիսկայնությունը եւ շահութաբերությունը` համեմատած ԱՄՆ-ում նույնատիպ ներդրման հետ: 

Ձեր ղեկավարած բիզնես-խորհրդատվական կազմակերպությունը գործում է աշխարհի թիվ մեկ տնտեսությունում, այսինքն՝ տիրապետում է այնպիսի տեղեկությունների, որի միջոցով կարելի է համեմատական անցկացնել հայաստանյան  եւ ամերիկյան ներդրումային դաշտերում ստեղծված պայմանների մասով։ Եթե մոռանանք այն փաստը, որ Միացյալ Նահանգների շուկան խոշորագույնն է աշխարհում, համեմատենք բիզնեսի համար վարչարարական նպաստավոր պայմանները, ո՞ր պարագայում է Հայաստանի կառավարությունը թերանում։ Որո՞նք են այն թերությունները, որոնց մասին դուք տեղեկացնում եք հաճախորդին։

Ներդրողը ցանկացած երկրում ակնկալում է օրենքի կայունություն, եւ որ օրենքն ուժ ունենա ու հավասարաչափ գործի բոլորի համար: Դիցուք ներդրողը պայմանագիր է ստորագրել:  Հարց է առաջանում. որքան՞ով է արդյոք օրենքը պաշտապանում ներդրողին, եւ նույն այդ պայմանագիրն ինչքանով է համապատասխանում նեդրողի շահերին, իսկ դատարանում վիճարկվելու դեպքում կարող է արդյոք ներդրողի շահերի համարժեք պաշտպանություն ապահովել: 

Ամերիան իր պարտքն է համարում ներկայացնել ներդրողներին, որ Հայաստանում օտարերկրյա ներդրումների մասին օրենքը ներդրողների համար շատ բարենպաստ է:  Խորհուրդ ենք տալիս, որ օրենքից լավագույնս օգտվելու համար անհրաժեշտ է ներդրում կատարել բացառապես  մասնագիտական խորհրդատվություն ստանալուց հետո եւ ամեն ինչ ձեւակերպել օրենքի պահանջներին համապատասխան: Օրենքն ինքնին բարենպաստ է, եւ «Ամերիա» խմբի իրավաբանական ծառայությունը կարող է օգնել  որպեսզի սփյուռքահայ ներդրողը սկզբից մինչեւ վերջ ամեն ինչ ձեւակերպի ըստ օրենքի` հաշվի առնելով բոլոր նրբությունները, որոնց ներդրողը գուցեեւ հարկ չհամարի ուշադրություն դարձնել, եւ որոնք կարող են հետագայում հանգեցնել բարդությունների,եթե ներդրողը չստանա իրավական խորհրդատվություն: Հաճախ սփյուռքահայերը ներդրումներըկատարում են էմոցիոնալ եւ իրենց ներդրումները պաշտապանելու համար չեն օգտագործում մասնագիտական օգնությունը, այլ դիմում են ընկերների  ու ազգականների օգնությանը:  Օրենքը կա, գործում է, բայց միշտ չէ,որ դրա կիրառումը միանշանակ է եւ չունի տարբեր մեկնաբանություններ, ու այստեղ է, որ մասնագիտական օգնությունը  դառնում է անհրաժեշտություն:

Հայաստանում թերություններ կան, բայց կան նաեւ հաջողված բիզնես ներդրումների օրինակներ , երբ ճիշտ իրավական հիմքերի վրա է սկսել բիզնեսը, եւ իրավաբանորեն ճիշտ  են ներկայացվել շահերը:

Ամերիան իր բազմամյա  փորձառությամբ եւ 15 իրավաբանների խմբով մասնագիտական օգնություն է ցույց տալիս ներդրողներին` ապահովելու համար ռիսկերի նվազեցումը, ինչը հաջողակ բիզնեսի գրավական է:

Այս երկու տարիների ընթացքում քանի՞ գործարար է համաձայնել Հայաստանում ներդրում կատարել, եւ ի՞նչ ծավալի են եղել ներդրումները։ Հատկապես ո՞ր ոլորտներն են նախընտրում ամերիկացի գործարարները։

Ներդրողներին հետաքրքրում է ծառայությունների ոլորտը, ինչպիսիք են օրինակ “call center” ծառայությունները, ինֆորմացիոն տեխնոլոգիաների մատուցումը: Մեծ է հետաքրքրությունը ֆրանչայզինգի հետ կապված:  Ինչ վերաբերում է արդյունքներին, ապա կնախընտրեի այդ մասին ավելի ուշ խոսել, քանի որ մեր նպատակն այս ժամանակաշրջանում ճանաչելի դառնալն էր, տեղի հանրությանը Ամերիայի լայն հնարավորությունները, Հայաստանում ներդրումներ կատարելու համար մասնագիտական խորհրդատվության կարեւորությունն ու անհրաժեշտությունը ներկայացնելն էր: Կարծում եմ դա մեզ հաջողվեց, քանի որ օրեցօր մեծանում է հետաքրքրվողների եւ կոնկրետ գործարքներ կատարողների շրջանակը:

Ընդամենը 25 տարի առաջ Հայաստանի տնտեսությունը բարձր տեխնոլոգիական եւ հատկապես քիմիական արտադրության շնորհիվ որոշ դեպքերում կարելի էր համեմատել նույնիսկ Ճապոնիայի տնտեսության հետ։ Աշխարհում առաջին երկրներից մեկը Հայաստանն էեղել, որ ստեղծել է համակարգիչ, աշխարհում բացառիկ երկրներից մեկն է, որտեղ կառուցվել է ռոբոտներ արտադրող գործարան, իսկ քիմիական, մասնավորապես կաուչուկի արտադրության հետ աշխարհում կարող էր համեմատվել միայն 4 երկիր՝ ԱՄՆ-ը, Գերմանիան, Ճապոնիան եւ Ֆրանսիան։ Ի՞նչն է խանգարում, որպեսզի մարդիկ գումարներ ներդնեն  եւ վերականգնեն հսկայական արտադրական ու հետեւաբար շահութաբերության ներուժ ունեցող տնտեսությունը։

Սովետական միության քայքայման հետ մեկտեղ քայքայվեց տնտեսական ենթակառուցվածքը մեր երկրում, եւ տնտեսությունը զրոյից սկսեց վերակառուցվել:  Նշենք նաեւ արգելափակումը:  Ներդրումների եւ նոր ենթակառուցվածքների ստեղծման համար ժամանակ է պետք: 

Ուրախալի է սակայն , որ այժմ Հայաստանում մեծ հնարավորություններ են բացվել հաջողակ բիզնեսի համար:  Շուկան հագեցած չէ, ինչպես ԱՄՆ-ում:

Ամերիայի առաքելությունն է նպաստել Հայաստանի տնտեսության զարգացմանը եւ տեղեկացնել մեր սփյուռքահայ ներդրողներին Հայաստանի շուկայի եւ բիզնես հնարավորությունների մասին:  Օրինակ` վերջերս Ամերիան ուսումնասիրություն անցկացրեց զբոսաշրջության եւ հյուրանոցային ինդուստրիայի վերաբերյալ. արդյունքները ֆենոմենալ էին: Պարզվում է առաջիկա տարիներին ակնկալվում է զբոսաշրջիկների մեծ հոսք Հայաստան, սակայն չկան պահանջարկին համապատասխան միջին կարգի հյուրանոցներ: Այս ոլորտում է, որ Սփյուռքի հայերը կարող են հաջողակ ներդրումներ կատարել եւ հայաստանյան բաց շուկայի պահանջարկը բավարարել:

Եզրափակելով հարցազրույցը` կցանկանայի հարցնել, առաջիկայում կարո՞ղ ենք ակնկալել ներդրումների ակտիվացում Հայաստանում, կա՞ն արդյոք դրա համար որոշակի նախադրյալներ։  

Հայաստանից դուրս գործունեությունն ընդլայնելու «Ամերիա» խմբի նախաձեռնությունը եւ Հայաստան-Սփյուռք ներդրումային կամուրջ կառուցելու քայլերը, անշուշտ, հիմնավոր  նախադրյալներ են ստեղծել, որպեսզի Սփյուռքը շարունակաբար ճշգրիտ տեղեկատվություն ստանա հայաստանյան շուկայի, ներդրումային ոլորտի վերաբերյալ եւ ի դեմս «Ամերիա» ընկերությունների խմբի վստահելի գործընկեր ունենա հայրենիքում:  Հաճախ ենք լսում մեր հաճախորդներից, որ վերջապես Ամերիայի մեկ հովանոցի ներքո նրանք գտել են այն ամենը,ինչ տարբեր աղբյուրներից փորձում էին ստանալ Հայաստանում ներդրում կատարելիս:

Հետաքրքրությունը համայնքում աճում է, ինչն էլ ենթադրում է սփյուռքի կողմից ներդրումների ակտվիացում  Հայաստանում:  Ամերիայի այս քայլերն, անշուշտ,նպաստում են,  որ Սփյուռքը առավել տեղեկացված լինի Հայաստանում հնարավոր ներդրումների վերաբերյալ եւ ազգային ու ֆինանսական ներդրում կատարի, ինչը կլինի թե հայանպաստ եւ թե շահութաբեր:

Յուրաքանչյուր երկրի տնտեսության զարգացման գործում կարեւոր նշանակություն ունեն օտարերկրյա ներդրումները։ Հայաստանի փոքր տնտեսությունն առավել քան կարիք ունի ներդրումների։Արագ փոփոխվող աշխարհում շատ դժվար կլինի  տնտեսական գործունեություն ծավալել` չունենալով վստահելի ու արհեստավարժ գործընկեր, ով ամբողջությամբ տիրապետում է ոչ միայն ներքին տնտեսական, իրավական եւ ֆինանսական դաշտին, այլ նաեւ  համաքայլ է համաշխարհային զարգացումներին։  Հայաստանում ներդրումներ  կատարելու ճանապարահին «Ամերիա» խումբը կարող է դառնալ հուսալի եւ պրոֆեսիոնալ գործընկեր: Լինելով Հայաստանում ֆինանսական, ներդրումայինեւ իրավական խորհրդատվություն տրամադրող  առաջին ընկերություններից` իր գործունեության 15 տարիների ընթացքում Ամերիան մշտապես եղել է առաջատարների շարքում: