Նախաքննական մարմինը հետաձգել է Սյունիքի նախկին մարզպետ Սուրեն Խաչատրյանի որդու` Տիգրան Խաչատրյանի պաշտպան, Փաստաբանների պալատի նախագահ, փաստաբան Ռուբեն Սահակյանի ներկայացրած միջնորդության քննարկումը իր պաշտպանյալի նկատմամբ քրեական հետապնդումը վերացնելու մասին։ Այս մասին այսօր՝ օգոստոսի 28-ին, լրագրողների հետ հանդիպմանն ասաց Սյունիքի նախկին մարզպետ Սուրեն Խաչատրյանի որդու` Տիգրան Խաչատրյանի պաշտպան, Փաստաբանների պալատի նախագահ, փաստաբան Ռուբեն Սահակյանը։
Նրանք միջնորդություն էին ներկայացրել Տիգրան Խաչատրյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու մասին, ինչպես նաեւ խնդրել էին վերացնել խափանման միջոցը, ազատել նրան կալանքից, ներկայացրել էին նաեւ այլընտրանքային միջորդություն, ըստ որի՝ խնդրում են փոխել խափանման միջոցը։ «Մերժեցին եւ չփոխեցին խափաման միջոցը, ասացին, որ վաղաժամ է արված»,- ասաց փաստաբանը։
Ռուբեն Սահակյանն ասաց, որ իրենք հիմնավորված, պատճառաբանված միջնորդություն են արել, մինչդեռ փորձ էր արվում զրոյացնել այն։ Փաստաբանը կոչ արեց կոռեկտ կլինել, սպասել, ծանոթանալ տեքստին, հետո մեկնաբանություններ անել։ Նա ասաց նաեւ, որ։շատ վրդովված է զինվորական դատախազության վրա, եւ ավելի շատ վրդովելու իրավունք իրենք ունեն, քան Բուդաղյանները։ «Փորձ է արվում կրկին շարունակել ապատեղեկատվությունը, ասվում է, որ դատախազությունը գլխիվայր շուռ է տալիս փաստերը, բայց հակառակը, դա ոչ թե դատախազությունն է անում, այլ Բուդաղյանների փաստաբանը»,- ասաց նա՝ հավելելով, որ այն, ինչ մինչ այսօր ներկայացվել է, իրականության հետ աղերս չունի։
Հիշեցնենք, որ հունիսի 2-ին՝ ժամը 00:10-ի սահմաններում, Սյունիքի մարզպետ Սուրեն Խաչատրյանի տան մոտ հնչել են կրակոցներ, որի հետեւանքով 1 մարդ մահացել էր, եւս 2 մարդ հրազենային վնասվածքներով տեղափոխվել են Գորիսի բժշկական կենտրոն: Մահացածը Գորիսի քաղաքապետի նախկին թեկնածու Ավո Բուդաղյանն է, իսկ վիրավորներից մեկը՝ նրա եղբայրը՝ Արտակ Բուդաղյանը, ով ԼՂՀ N զորամասի հրամանատար է, մյուս վիրավորը՝ Նիկոլայ Աբրահամյանն է, ով Սյունիքի մարզպետ Սուրեն Խաչատրյանի ազգականն է եւ թիկնապահը:
Կրակոցները հնչել են «Բերետա» տեսակի ատրճանակից եւ որսորդական հրացանից: Փաստի առթիվ արդեն հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրօրի 104 հոդվածի 1-ին մասի (սպանություն) եւ 235 հոդվածի (ապօրինի զենք, զինամթերք կրելը, պահելը, օգտագործելը) հատկանիշներով: Վիրավորներին Գորիսի բժշկական կենտրոնից ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության արագ հակազդման բաժնի օպերների ուղեկցությամբ շտապ օգնության մեքենաներով տեղափոխել են Երեւան: Գորիսում հայտնի Սդղի լճում խնջույք է եղել, որին մասնակցել է նաեւ ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը: Վեճ է ծագել, որը շարունակվել է Սյունիքի մարզպետի տան մոտ:
Դեպքի կապակցությամբ ձերբակալվել, ապա կալանավորվել էր Սյունիքի մարզպետի թիկանապահ Զարզանդ Նիկողոսյանը եւ Սուրեն Խաչատրյանի որդին` 19-ամյա Տիգրան Խաչատրյանը: Գործի քննությունն իրականացնում է զինվորական դատախազությունը: Նրանց շահերը կպաշտպանեն երեք փաստաբան՝ Փաստաբանների պալատի նախագահ Ռուբեն Սահակյանը, Կարմեն Սահակյանը, Մարտին Զիլֆուղարյանը: Իսկ հուլիսի 9-ին Քր.օր.-ի 137-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով (Սպանության, առողջությանը ծանր վնաս պատճառելու կամ խոշոր չափի գույք ոչնչացնելու սպառնալիքը, եթե այդ սպառնալիքն իրականացնելու իրական վտանգ է եղել) մեղադրանք է առաջադրվել Արտակ Բուդաղյանին: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել չհեռանալու ստորագրությունը:
Սուրեն Խաչատրյանը հայտնի դեպքից հետո հայտարարել էր, թե ժամանակավորապես վայր է դնում մարզպետի իր լիազորությունները` մինչեւ նախաքննության ավարտը, թեեւ օրենքով նման բան նախատեսված չէ: Հունիսի 6-ին Կառավարությունն ընդունեց Սուրեն Խաչատրյանի` աշխատանքից ազատման դիմումը:




























