Պետք չէ Հայաստանի համար ինչ-որ ուղի փնտրել, բոլոր դեպքերում առաջնային պետք է լինեն մեր ազգային շահերը, մեր անվտանգությունը՝ ցանկացած սպառնալիք նվազագույնի հասցնելու: Այս մասին օգոստոսի 28-ին կայացած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է ԲՀԿ-ական նախկին պատգամավոր Վարդան Բոստանջյանը՝ անդրադառնալով Հայաստանի արտաքին քաղաքական ուղղվածությանը:

Նրա խոսքով՝ կարեւոր են նաեւ տնտեսական հարցերը, սակայն առաջին տեղում է անվտանգության խնդիրը եւ արտաքին քաղաքականությունը պետք է կառուցել դրանից ելնելով: «Այսօր Հայաստանի ընտրությունը պետք է Ռուսաստանը լինի՝ հաշվի առնելով ՀԱՊԿ շրջանակներում մեր երկրի համար առկա անվտանգության երաշխիքները: Ինչ վերաբերում է Ադրբեջանին Ռուսաստանի կողմից զենք վաճառելուն, ապա դրա կրկնությունից խուսափելու համար պետք է ապացուցենք, որ հուսալի գործընկեր ենք»,-ընդգծել է Վարդան Բոստանջյանը:

Նշենք, որ ընթացիկ տարվա նոյեմբերին Վիլնյուսում կայանալիք «Արեւելյան համագործակցության» գագաթաժողովի ընթացքում նախատեսվում է ԵՄ եւ Հայաստանի միջեւ Ասոցատիվ համաձայնագրի շրջանակներում խորը եւ համապարփակ ազատ առեւտրի գոտու վերաբերյալ համաձայնագրի նախաստորագրում: