Հայաստանի կառավարությունը բացասական եզրակացություն կտա նվազագույն աշխատավարձը ներկայիս 45 հազարի փոխարեն 2014  թ. հունվարի 1-ից ամսական 75 հազար դրամ դարձնելու խորհրդարանական ԲՀԿ խմբակցության պատգամավորների օրենսդրական նախաձեռնությանը (Նաիրա Զոհրաբյան, Միքայել Մելքումյան, Ստեփան Մարգարյան, Վահե Հովհաննիսյան):

Հարցը ներառված է ՀՀ կառավարության վաղվա՝ օգոստոսի 29-ի նիստի օրակարգում: Կառավարության եզրակացության մեջ նշված է, որ նվազագույն աշխատավարձի բարձրացումը համահունչ է կառավարության որդեգրած քաղաքականությանը: Ավելին, կառավարության ծրագրի իրականացմամբ 2012-2017 թվականների ընթացքում նախատեսվում է նվազագույն աշխատավարձի մակարդակի առնվազն կրկնապատկում` հասցնելով մինչև 70 հազար դրամի: Նախատեսվում է նվազագույն աշխատավարձը 2014 թ. սահմանել 50000 դրամ, 2015 թվականին` 55000 դրամ եւ 2016 թվականին` 62500 դրամ: Սակայն կառավարությունը նպատակահարմար չի գտնում նվազագույն աշխատավարձի միանգամյա կտրուկ բարձրացումը՝ ելնելով բյուջեի հնարավորություններից: