Ներկայումս Հայաստանում քաղաքական կյանքը որոշակիորեն պասիվացել է: Խոսքն այն քաղաքական ուժերի մասին է, որոնց ձայնը հասանելի եւ լսելի է հասարակությանը: Այս մասին օգոստոսի 28-ին կայացած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է ԲՀԿ-ական նախկին պատգամավոր Վարդան Բոստանջյանը՝ հավելելով, որ քաղաքական կյանքի փոխարեն զարգանում է քաղաքացիական շարժումը:
Նրա համոզմամբ, «կաշկանդված» հասարակությունների արագայում քաղաքացիական հասարակության ակտիվացումն այնքան էլ հեշտ հարց չէ: «Ողջունում եմ այդ շարժումը, որը նախաձեռնել են երիտասարդները: Ցանկացած հասարակությունում ցանկալի գործընթացներն անմիջականորեն կապված են հենց քաղաքացիական շարժման հետ»,-ընդգծել է Բոստանջյանը՝ կարծիք հայտնելով, որ քաղաքացիական շարժումը եւ քաղաքական ուժերը կապված են եւ քաղաքական ուժերի որոշակի պասիվությունը բացատրվում է քաղաքացիական ակտիվության բացակայությամբ:
Նշենք, որ վերջերս Երեւանում գրանցվել են մի շարք բողոքի ակցիաներ, որոնք մեծամասամբ նախաձեռնվել են երիտասարդների կողմից: Դրանք կապված են տրանսպորտի ուղեվարձի թանկացման, Կոմիտաս 5 հասցեում իրականացվող ապօրինի շինարարության հետ:



























