Մենք Սուրիկ Խաչատրյանի պաշտպանները չենք, նա պաշտպանության կարիք չունի, անհրաժեշտ պաշտպանության կարիք ունեցել են նրա հարազատները։ Այս մասին այսօր՝ օգոստոսի 28-ին, լրագրողների հետ հանդիպմանն ասաց Սյունիքի նախկին մարզպետ Սուրեն Խաչատրյանի որդու` Տիգրան Խաչատրյանի պաշտպան, Փաստաբանների պալատի նախագահ, փաստաբան Ռուբեն Սահակյանը։

«Սուրեն Խաչատրյանը մեղադրյալ չէ, եւ չի լինելու»,- ասաց փաստաբանը։ Նա նաեւ ասաց, որ ինքը փաստաբանական կարիերայի ընթացքում պաշտպանել է հայի, վրացու, թուրքի, մարդասպանի, բռնաբարողի, եւ պաշտպանելը մեղք չէ, չպաշտպանելն էլ մեղք։

Փաստաբանը շեշտեց, որ չեն կարող ծանրացնել Տիգրան Խաչատրյանի մեղադրանքը, նրան չեն կարող դատապարտել այլ հանցատեսակների համար։ Ինչ վերաբերում է Տիգրան Խաչատրյանի օրգանիզմում թմրանյութ հայտնաբերվելու մասին խոսակցություններին, ապա փաստաբանն ասաց, որ նման բան չկա, եթե պարզվի, որ դեպքի ժամանակ նա թմրանյութի ազդեցությամբ է եղել, ապա ինքը կհրաժարվի վերջինիս պաշտպանությունից։

Ռուբեն Սահակյանը ամենայն մանրամասնությամբ ներկայացրել է նաեւ, թե ինչպես է եղել դեպքը։ Նա նշեց, որ «Սդղնի գյոլ» կոչվածից վերադառնալիս մեքենայի մեջ տեղի է ունեցել վիճաբանություն Զարզանդի եւ Ավետիքի միջեւ, Զարզանդը երկու անգամ ձեռքով հարվածել է նրան, եւ Ավետիք Բուդաղյանը վրդովված է եղել, որ Սուրիկ Խաչատրյանը չի սաստել Զարզանդ Նիկողոսյանին»։

Դրանից հետո  «Ավետիք Բուդաղյանը իր «Բրաբուս» մեքենայով եկել, հասել է Խաչատրյաննների տան մուտքի մոտ, եղել է գինովցած, այդտեղ տեղի է ունեցել փոքրիկ լեզվաբանավեճ, Բուդաղյան Ավետիքը պահանջել է, որպեսզի հրավիրեն Սուրիկ Խաչատրյանին, ասել են, որ նա քնած է, գնա առավոտյան կգաս, մի քիչ բանավիճել են, Ավետիք Բուդաղյանը հեռացել է, կես ժամ անց նա նորից է եկել, եւ նրա դիմաց կանգնել են մի քանի տղաներ։ Նրան են մոտեցել Խաչատրյանների երկու զավակները, վարորդը՝ Արագածը, Սուրեն Խաչատրյանի զարմիկը՝ Նիկոլայ Աբրահամյանը, վերջինս ասել է՝  ինչո՞ւ ես եկել, գնա առավոտյան կգաս, իսկ Ավետիք Բուդաղյանն ասել է ՝»չէ, արթնացրեք Սուրիկ Խաչատրյանին, պիտի պարզենք, թե ինչու այսպես եղավ»։ Փաստաբանի խոսքով՝ այնուհետեւ գալիս է   «Ժիգուլի» մեքենա, որից դուրս է գալիս Արտակ Բուդաղյանը՝ ձեռքին որսորդական հրացան, նրան են մոտենում Տրդատ եւ Տիգրան Խաչատրյանները, այդտեղից մի քիչ հեռու կանգնած են Արագածը եւ Նիկոլայը։ Նա նաեւ պատմեց, որ «Արտակ Բուդաղյանը մոտեցել է եղբորը, զենքը պահել է բոլորի վրա եւ ասել է՝ չմոտենաք, նույն պահին Տիգրան Խաչատրյանը վազել է դեպի իրենց հյուրատուն, Զարզանդ Նիկողոսյանը դուրս է եկել կադրից եւ որոշ ժամանակ անց հայտնվել զինված»։ Շարունակելով պատմել՝ նա նշեց, որ Արտակ Բուդաղյանին են մոտենում նաեւ Լորետա Բարսեղյանը, տան աշխատակիցը՝ Կարինե Հարությունյանը, Տրդատ Խաչատրյանը, մոտենում է նաեւ Ավետիք Բուդաղյանը, փորձում են խլել զենքը կամ փողը վեր բարձրացնել, Արտակ Բուդաղյանը աջ արմունկով հարվածում է Տրդատին եւ շպրտում մի կողմ, Կարինեն, Լորետան եւ Ավետիքը փորձում են խլել Արտակի ձեռքին եղած հրազենը»։ Նա պատմեց, որ Արտակ Բուդաղյանը ձեռքով տապալում է իր եղբորը, եղբայրը փորձում է ձեռքը գցել եղբոր հրազենին, որը պոկվել էր, բայց հավասարակշռությունը կորցնելով, կրկին գետնին է ընկնում, 39-րդ վայրկյանին հնչել է կրակոց, Արտակ Բուդաղյանը տապալվել է գետին՝ ստանալով մարմնական վնասվածք, դրանից հինգ վայրկյան անց հնչել է երկրորդ, երրորդ կրակոցը, 07.53-ին հնչում է ատրճանակի կրակոցի ձայն, Նիկոլայ Աբրահամյանը ծանր վնասվածք է ստանում Ավետիք Բուդաղյանի մոտ եղած երկրորդ ինքնաշեն ատրճանակի կրակոցից։

Ասուլիսի մյուս բանախոսը՝ Տիգրան Խաչատրյանի պաշտպան, ինչպես նաեւ գործով կալանավորված Զարզանդ Նիկողոսյանի պաշտպան Մարտին Զիլֆուղարյանը նշեց, որ կան բոլոր ապացույցները, որոնք ապացուցում են Զարզանդ Նիկողոսյանի անմեղոթյունը։ Որպես օրինակ նա նշեց այն հանգամանքը, որ Զարզանդ Նիկողոսյանը, հրաշալի տիրապետելով զենքին, կրակել է վեց անգամ եւ չէր կարող վրիպել, ինչից հետեւում է, որ նրա կրակելը ունեցել է կանխարգելիչ նպատակ։ Նրա կրակոցներից միայն մեկն է դիպել Բուդաղյանի ձեռքին, բայց նույնիսկ ոսկորին չի դիպել, ինչը լավագույն դեպքում միջին ծանրւթյան վնասվածք է։Պաշտպանական կողմը կարծում է, որ Զարզանդ Նիկողոսյանը ապօրինաբար է անազատության մեջ եւ անահապաղ պետք է փոխվի նրա խափանման միջոցը։