ՀՀՇ վարչության նախկին անդամ Արարատ Զուրաբյանի ծննդյան արարողությանը Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանի մասնակցությունը վերջին տարիների ամենահամարձակ քայլն էր։ Այս մասին օգոստոսի 28-ին կայացած մամուլի ասուլիսի ընթացքում հայտարարել է Հայոց համազգային շարժման վարչության անդամ, նախկին պատգամավոր Հովհաննես Իգիթյանը։

«Ես այդ ժամանակ Հայաստանում չեմ եղել, եթե լինեի, ապա կլինեի առաջին շարքերում եւ հաճույքով կմասնակցեի իմ ընկերոջ 50-ամյակի արարողությանը։ Ես մամուլից եւ նաեւ մասնակիցներից գիտեմ, որ Տիգրան Սարգսյանը մասնակցել է այդ տոնակատարությանը. լավ է արել, որ խմել է Արարատ Զուրաբյանի կենացը», - նշեց Հովհաննես Իգիթյանը։ Նա ընդգծեց, որ եթե վարչապետը «Բենթլի» նվիրեր Արարատ Զուրաբյանին, ինքը կդատապարտեր երկուսին էլ։ «Եթե վարչապետը ֆինանսավորեր խնջույքը, ես դա եւս վատ կհամարեի, սակայն նման բաներ չեն եղել։ ՀՀՇ-ին չի ֆինանսավորելու ոչ վարչապետը, ոչ էլ նույնիսկ այն մարդը, որը ֆինանսավորում է այլ ընդդիմադիր ուժերին», - հայտարարեց Հովհաննես Իգիթյանը, չբացահայտելով, թե ով է ֆինանսավորում մյուս ընդդիմադիր ուժերին։

Նա միաժամանակ ավելացրեց, որ հիմա եւս քննադատում է Տիգրան Սարգսյանի կառավարությանը։ «Ես գտնում եմ, որ ոչ մի ծրագիր չի ներկայացվում, ռեֆլեկտորային տնտեսական քաղաքականություն է վարվում։ Չնայած լավ մարդիկ կան, բայց ընդհանուր ստրատեգիան սխալ է ընդհանրապես», - ընդգծեց Հովհաննես Իգիթյանը։ 

Հիշեցնենք, որ վերջերս մամուլում լուրեր էին շրջանառվում այն մասին, որ վարչապետ Տիգրան Սարգսյանը ներկա է գտնվել ՀՀՇ վարչության նախկին անդամ Արարատ Զուրաբյանի ծննդյան արարողությանը եւ, կիթառ նվագելով, շնորհավորել վերջինիս։