Մայրաքաղաքի բակային տարածքների ասֆալտապատման, առանձին դեպքերում էլ՝ փոսալցման աշխատանքների ծավալը 2013թ.-ին կազմում է 1 միլիոն 100 հազար քառակուսի մետր: Գործընթացն այժմ ավարտական փուլում է:
Երեւանի քաղաքապետարանի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից հայտնում են, թե ընդամենը 2-3 վարչական շրջաններում է, որ այս ուղղությամբ ծրագիրը դեռ շարունակվում է: Երեւանի քաղաքապետարանի 2013թ. շինբարեկարգման ծրագիրը մեկնարկել էր մարտ ամսից: Այսօր արդեն ասֆալտապատվել , բարեկարգ ու պատշաճ տեսքի են բերվել 1000-ից ավելի բակեր ու միջբակային ճանապարհներ:
Հաշված օրեր անց մասնագիտական տեխնիկան միայն նոր գոյացած անհարթություններն ու փոսերը վերացնելու համար դուրս կգա փողոցներ: Ընթացիկ տարում եւս հատուկ ուշադրություն դարձվեց ծայրամասային փողոցների ասֆալտապատմանը, որտեղ բարեկարգման աշխատանքների անհրաժեշտությունը հրատապ էր դարձել: Հիշեցնենք, որ ասֆալտապատման ընթացիկ տարվա ծավալները ռեկորդային էին`2.5 միլիոն քառակուսի մետր:




























