Գնահատելով Սիրիայում տիրող ներկա իրադրությունը՝ անհրաժեշտ է նշել, որ Թուրքիան ազդում է զինված խմբավորումների ստեղծման վրա, որոնք ակնհայտ զբաղվում են ահաբեկչությամբ: Այդ մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հայտնել է Հայաստանի Գիտությունների Ազգային ակադեմիայի Արեւելագիտության ինստիտուտի տնօրեն, թուրքագետ Ռուբեն Սաֆրաստյանը:

Սաֆրաստյանի խոսքով, արմատական մի քանի խմբավորումներ գտնվում են Թուրքիայի անմիջական ազդեցության տակ, որը նրանց զենք է մատակարարում:

Ինչ վերաբերվում է Սիրիայի քրիստոնյաների նկատմամբ մահմեդական արմատական խմբավորումների դիրքորոշմանը, ապա, Սաֆրաստյանի գնահատականով նրանց պահվածքը դառնում է ավելի արմատական եւ  անտանելի: « Եթե այդ միտումները շարունակվեն, ապա վստահաբար կարելի է կանխատեսել, որ մոտ ապագայում կստեղծվեն բոլոր պայմանները Սիրիայում քրիստոնյաների ոչնչացման համար: Սիրիայի քրիստոյաններին չի օգնի նաեւ այն հանգամանքը, որ ռազմական գործողությունների ընթացքում իրենք չեզոքություն են պահպանել, քանի որ արմատական խմբավորւոմները քրիստոյաներին ընդունում են որպես թշնամիներ»: 

Սաֆրաստյանը նշեց նաեւ, որ տեղեկություն են ստացել այն մասին, որ Թուրքիան իր հսկողության ներքո գտնվող խմբավորումներին հրահանգել է հարվածել հայկական համայնքի ուղղությամբ, ինչպես նաեւ նույն օրը ավելի վաղ հարկադրված Սիրիան լքած հայերի բնակավայրերի ուղղությամբ: «Սա իհարկե Սիրիայում Թուրքիայի հիմնական նպատակն է՝ երկրից տեղահանել հայ բնակչությանը»: 

Նշենք, որ ԶԼՄ-ներում շահարկվում է տեղեկություն այն մասին, որ սիրիական ընդդիմության զինված խմբավորումները որոշում են ընդունել, որը թույլ է տալիս յուրացնել քրիստոնայների՝ այդ թվում նաեւ հայերի ունեցվածքը, ովքեր ապրում են Սիրիայում: Հալեպում ուժայինները ավերածությունների են ենթարկել ու յուրացրել են քրիստոնյաներին պատկանող 200  գործարաններ: Դրանց հիմնական սարքավորումները եւ ապրանքները վաճառել են Թուրքիային: Որոշ խմբավորումներ շարունակում են գործարկել ձեռնարկությունները, իսկ ապրանքը իրացնում են նույն Թուրքիայում եւ ձեռք բերված գումարով սպառազինություններ են գնում: