Իմ հրաժարականով ոչինչ չի փոխվում: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Երեւանի քաղաքապետարանի Տրանսպորտի վարչության պետ Հենրիկ Նավասարդյանը` անդրադառնալով Երեւանի քաղաքապետարանի առաջ մեկ ամիս նստացույց արած եւ իր հրաժարականը պահանջող ակտիվիստների ակցիային:
Նա չգիտի, թե այս երիտասարդների ակցիայի հանգուցալուծումը ինչպիսին կլինի: «Ես չեմ կարող ասել, իրենք գիտեն, թե ինչի համար են նստած, ինձ ասում են` հանցագործ է, ինձ ասում են` մարդ է ծեծում, հայհոյում է, ես չգիտեմ, արդյոք ես ձեր վրա հանցագործի տպավորությո՞ւն եմ թողել, ինչ կարող եմ անել, մարդիկ, որոնք ինձ չեն ճանաչում եւ նման պիտակներ են կպցնում, ինչ կարող եմ ասել»,- ասաց Հենրիկ Նավասարդյանը:
Նա նշեց, որ եթե ինքը, ասենք, պաշտոնից հրաժարվի, տնտեսավարող սուբյեկտների դժգոհությունը կբավարարի՞ եւ իրենք 50 դրամով կկարողանա՞ն սպասարկել: «Իմ պաշտոնից հրաժարվելը ի՞նչ կապ ունի այդ ամենի հետ, ի՞նչ կապ ունի ուղեվարձի հետ, մարդիկ դժգոհություն են հայտնում, հիմա էլ շարունակում են հայտնել, ենթադրենք ես հրաժարվեցի, գնացի, իրենց հարցը լուծվելո՞ւ է, խոսքը տնտեսվարող սուբյեկտի մասին է, միգուցե ակտիվիստի հարցը լուծվի, բայց գլոբալ հարց ենք բարձրացրել, ոչ թե իմ աշխատել, չաշխատելու հարցն է, այլ տնտեսվարող սուբյեկտի, իմ հրաժարականով ոչինչ չի փոխվում»,- ասաց Տրանսպորտի վարչության պետը:
Նա հերքեց շրջանառվող տեղեկությունները, թե քաղաքապետարանի առաջ նստացույց անող երիտասարդներին «մեր հերերի՞ն եք ուզում բան արած լինեք» կարգախոսով քաշքշողները արդյոք իր որդիներն են եղել: Հենրիկ Նավասարդյանը շեշտեց, որ «նման բան չի եղել եւ չի կարող լինել». «Իմ տղաները ամեն մեկը իր զբաղմունքը, նախասիրությունը ունի, իմ տղաները փողոցում թափառողներ չեն, պարապ չեն, որ ինչ-որ բաներով զբաղվեն, իմ տղաները նման մարդիկ չեն, եթե իրենք ունեն փաստեր, որ իմ տղաներն են իրենց ծեծել, թող տան իրավապահ մարմիններին, ինչի՞ են ուզոմ հերյուրանքներ տարածում, իրենք շատ խելացի են եւ գիտակցում են, որ այսօր չի կարելի գնալ եւ այդպիսի բան անել հայրիկի համար»,- ասաց նա:
Հենրիկ Նավասարդյանը նաեւ նշեց, որ տրանսպորտի խնդիրները ուսումնասիրելու նպատակով հանձնաժողովը այժմ ստեղծման փուլում է, բայց ինքը չի լինելու կազմում, քանի որ շահարկումներ կան, հետո կասկածի տակ կդնեն այդ փաստաթւշուղթը եւ ակտիվիստները չեն ցանկանում իր հետ աշխատել: «Ես չեմ մասնակցի այդ հանձնաժողովի աշխատանքներին, պետք չի, որ մենք իրար հետ աշխատենք»,- ասաց հենրիկ Նավասարդյանը:
Հիշեցնենք, որ արդեն մեկ ամիս է, ինչ «Չենք վճարելու 150 դրամ» նախաձեռնության ակտիվիստները քաղաքապետարանի առջեւ նստացույց են կազմակերպել եւ ի թիվս այլոց, որպես առաջնային խնդիր նշվում է տրանսպորտի վարչության պետ Հենրիկ Նավասարդյանին եւ «Երեւանտրանս» ՓԲԸ տնօրեն Միսակ Համբարձումյանին պաշտոնանկ անելու պահանջը: Ակտիվիստներին նստացույցի ժամանակ բազմիցս բերման են ենթարկել տարբեր պատճառաբանություններով: Օգոստոսի 24-ին, ուշ երեկոյան հարձակում է եղել Երեւանի քաղաքապետարանի մոտ նստացույց անող երիտասարդների վրա: «Արարատ» հյուրանոցի մերձակայքում մոտ 10 անձինք մոտեցել են ակցիայի մասնակիցներ Միհրան Մարգարյանին եւ Բաբկեն Տեր-Գրիգորյանին, ճշտել` արդյոք նրանք նստացույցի մանսակիցներ են, եւ դրական պատասխան ստանալուց հետո դաժան ծեծի ենթարկել: Ակտիվիստների խոսքով, այդ անձինք հարձակվել են «էս մեր հերերի դե՞մ եք դուրս եկել» ասելով: Հարձակվողները նաեւ գողացել են Բաբկեն Տեր-Գրիգորյանի հեռախոսն ու անձնագիրը: Ակտիվիստները դեպքի կապակցությամբ հաղորդում են տվել ոստիկանությունում:





























