Մինչ ռուսաստանյան իշխանություններն ու մերձիշխանական արդեն առանց թաքցնելու խոսում են Ասոցացման համաձայնագրի նախաստորագրման դեպքում Հայաստանի նկատմամբ հնարավոր ճնշումների մասին, Եվրամիությունը հրապարակել է ուսումնասիրություն, որը ցույց է տալիս, թե ինչ հետեւանքներ կունենա Հայաստանի համար Խոր եւ համապարփակ ազատ առեւտրի գոտու համաձայնագիրը (ԽՀԱԱԳ)։ Այս մասին գրում է «168 ժամը» եւ հավելում. «Հետազոտությունն իրականացրել է նիդեռլանդական Ecorys կազմակերպությանը՝ եվրահանձնաժողովի պատվերով։ Բավական ծավալուն այդ ուսումնասիրության համաձայն՝ ԽՀԱԱԳ-ի գործողության արդյունքում երկարաժամկետ հեռանկարում Հայաստանի ազգային եկամտի աճը կկազմի 2,3 տոկոս, իսկ կարճաժամկետ հեռանկարում Հայաստանի ՀՆԱ-ն կաճի լրացուցիչ 1,1 տոկոսով։
Տարիֆային եւ ոչ տարիֆային սահմանափակումների վերացման արդյունքում կշահի նաեւ երկկողմ առեւտուրը։ Մասնավորապես, ըստ հետազոտության հեղինակների, ԽՀԱԱԳ-ի ստորագրման արդյունքում Հայաստանից արտահանումը երկարաժամկետ հեռանկարում կավելանա 15.2 տոկոսով, ներմուծումը՝ 8.2 տոկոսով։ Այսպիսով, աստիճանաբար կբարելավվի նաեւ Հայաստանի արտաքին առեւտրի հաշվեկշիռը։
Խոր եւ համապարփակ ազատ առեւտրի գոտու համաձայնագրի ստորագրումը դրական ազդեցություն կունենա նաեւ Հայաստանում վարձատրության չափի վրա։ Այսպես, միջին աշխատավարձը կաճի 2.6 տոկոսով, իսկ սպառողական գները կնվազեն սահմանափակումների վերացման հետեւանքով։ Արդյունքում Հայաստանի տնային տնտեսությունների միջին գնողունակությունը երկարաժամկետ հեռանկարում կաճի 2,5 տոկոսով »,- գրում է «168 ժամը» (Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում):





























