Շիրակի մարզի դատախազության աշխատակիցների եւ նույն դատախազության շենքի պահպանությունն իրականացնող ոստիկանության ծառայողի կողմից պաշտոնեական լիազորություններն անցնելու եւ իր նկատմամբ ուժ գործադրելու վերաբերյալ Գյումրի քաղաքի բնակիչ Գոհար Հովհաննիսյանի` ՀՀ ոստիկանության Շիրակի մարզային վարչության Գյումրիի բաժնում տված հաղորդման հիման վրա նախապատրաստված նյութերով Հատուկ քննչական ծառայությունում ՀՀ ՔՕ 258-րդ հոդվածի 1-ին եւ 309-րդ հոդվածի 1-ին մասերով հարուցվել է քրեական գործ:Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց ՀՔԾ մամուլի խոսնակ Միքայել Ահարոնյանը:

Նա նշեց, որ քրեական գործի նախաքննության շրջանակներում առայժմ որեւէ անձի նկատմամբ որպես մեղադրյալ ներգրավելու մասին որոշում չի կայացվել: «Վերն հիշատակված փաստի առթիվ հարուցված քրեական գործով կատարվում է լրիվ, բազմակողմանի եւ օբյեկտիվ նախաքննություն: Շիրակի մարզի դատախազ Կարեն Շահբազյանի նկատմամբ մեղադրանք չի առաջադրվել, եւ նա որպես մեղադրյալ չի ներգրավվել»,- հայտնեց մամուլի քարտուղարը:

Ի դեպ, մինչ ՀՔԾ-ից մեկնաբանություն ստանալը NEWS.am-ի թղթակիցը զրուցել է նաեւ Կարեն Շահբազյանի հետ: Նա նշեց, որ Հատուկ քննչական ծառայությունում գործ է հարուցվել ոչ թե որեւէ մեկի դեմ, այլ փաստի առթիվ:  «Ոչ մեկին մեղադրանք չի առաջադրվել, նյութեր են նախապատրաստվում, եւ բոլորը բացատրություններ տվել են»,- ասաց նա:

Կարեն Շահբազյանը, չմանրամասնեց, թե ինքը քանի անգամ է կանչվել ՀՔԾ` հարցաքննության: «Չեմ հիշում, ի՞նչ կապ ունի քանի անգամ եմ հարցաքննվել ես, Գոհար Հովհաննիսյանը կամ որեւէ մեկը, ի՞նչ կապ ունի, 20 անգամ, ի՞նչ է տալիս դա, կարող է 20 անգամ կամ հետո լրացուցիչ հարց է առաջացել, 21 անգամ հարցաքննվի, դրանից ի՞նչն է փոխվում »,- բորբոքված ասաց Շիրակի դատախազը:

Հարցին, թե մտավախություն չունեք, որ կդառնաք մեղադրյալ եւ մեղադրանք կառաջադրվի, Կարեն Շահբազյանը խորհուրդ տվեց բոլոր հարցերով դիմել Հատուկ քննչական ծառայություն: 

Նշենք, որ «Ժողովուրդը» գրել էր, «Հատուկ քննչական ծառայությունում օրերս քրեական գործ է հարուցվել Շիրակի մարզի դատախազ Կարեն Շահբազյանի դեմ։ Ավելին,«Ժողովուրդ» օրաթերթին Գյումրու իր լավատեղյակ աղբյուրներից հայտնի դարձավ, որ դատախազին նույնիսկ մեղադրանք է առաջադրվել։ Նկատենք, որ սա առաջին դեպքն է, երբ գործ է հարուցվում եւ մեղադրանք առաջադրվում գործող դատախազին։ Քրգործի առիթը եղել է Գյումրու բնակչուհի 60-ամյա Գոհար Հովհաննիսյանի՝ ոստիկանություն ներկայացրած բողոքը։