Կոմիտասի փողոցը փակած ակտիվիստների նկատմամբ ոստիկանության գործողություններն իրավաչափ են: Այդ մասին այսօր՝ օգոստոսի 29-ին լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՀՀ արդարադատության նախարար Հրայր Թովմասյանը:
«Ես կարող եմ տասնյակ երկրներ թվարկել, որտեղ ճանապարհները փակելու համար նաեւ քրեական պատասխանատվություն է նախատեսված, եւ որեւէ հանրային միջոցառում փողոցներում չի թույլատրվում, որովհետեւ մարդու իրավունքները դադարում է գործել այնտեղ, որտեղ սկսում է դիմացինի իրավունքը: Որեւէ երկիր չեք գտնի, որտեղ ոստիկանը հանգիստ կարող է նայել, երբ փողոցից դուրս գալու հրահանգը չկատարվի: Այս առումով ոստիկանության գործողությունները միանգամայն իրավաչափ էին»,-ասաց Հ. Թովմասյանը:
Սակայն նա չբացառեց, որ կարող են լինել դեպքեր, երբ ոստիկանը վերազանցած լինի իր լիազորությունը, որոնք պետք է առանձին ուսումնասիրության առարկա դառնան: «Սեռական հայհոյանք տվողները ոստիկանությունում տեղ չունեն, որպես մարդ կարող է փողոցում հայհոյել, բայց ոստիկանական ուսադիրներ չպետք է կրի, քանի որ իրեն տիրապետելու, հավասարակշռության առումով խնդիրներ ունի»,- ասաց Հ. Թովմասյանը, սակայն համոզմունք հայտնեց, որ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը անհրաժեշտ միջոցառումներ ձեռք կառնի:




























