Հայաստանի բուհերում ուսման վարձի առավելագույն շեմ կսահմանվի: ՀՀ կառավարությունն այսօր՝ օգոստոսի 29-ին հավանություն տվեց «Կրթության մասին» եւ «Բարձրագույն եւ հետբուհական մասնագիտական կրթության մասին» օրենքներում փոփոխություն կատարելու նախագծին, որը կներկայացվի ՀՀ Ազգային Ժողովի քննարկմանը:

Օրենքների նախագծով նաեւ սահմանվում են մի շարք սոցիալական խմբեր, որոնք կունենան ուսման վարձի վճարման արտոնություն (զեղչ); Սահմանվել է, որ բուհի վճարովի համակարգում սովորող ուսանողների վարձավճարներից գոյացած բյուջեի առնվազն 7 տոկոսի չափով իրականացվում է ուսման վարձի մասնակի փոխհատուցում` հիմք ընդունելով բարձր առաջադիմությունը:

ՀՀ կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանը լրագրողներին ասաց նաեւ, որ 42 լավագույն ուսանողներին կրթաթոշակ կհատկացնեն:

Անդրադառնալով ուսման վարձի թանկացման դեմ պայքարող ուսանողների բողոքին, Ա. Աշոտյանը նշեց, որ ուսանողների նամակը անստորագիր էր, եւ անհասցե; «Տարօրինակ է, որ մի քանի շաբաթ պայքարելով այս խնդրի լուծման համար՝ 1 շաբաթ պահանջվեց, որ ինձ հետ հանդիպումից հետո նամակ ձեւակերպվի»,- ասաց Ա. Աշոտյանը: