Մոսկվայի իշխանությունները 764 788 ռուբլի են հատկացրել վիետնամցի ապօրինի ներգաղթյալների արտաքսման համար: Քաղաքապետի պաշտոնակատար Սերգեյ Սոբյանինը դեպի Հանոյ ավիատոմսերի ձեռքբերման ծախսերը կատարած «Ջեթ Թրեվլ Սերվիս» ընկերությանը փոխհատուցում տրամադրելու մասին որոշում է ստորագրել: Արտաքսվածների ճշգրիտ թիվը հայտնի չէ, գրում է «Ինտերֆաքսը»:
Հիշեցնենք, 2013թ. օգոստոսի սկզբին վիետնամցի հարյուրավոր ապօրինի ներգաղթյալներ ձերբակալվել եւ ուղարկվել էին Մոսկվայի Գոլյանովո շրջանի հատուկ ճամբար: Հաջորդած երեք շաբաթների ընթացքում նրանց խմբերով ուղարկում էին հայրենիք: Օգոստոսի 20-ին ճամբարը վերացվել էր, մնացած ներգաղթյալներին տեղափոխել էին Սեւերնի ավանում գտնվող արտաքսման ենթակա արտասահմանյան քաղաքացիների պահման կենտրոն:





























