«ԱրմենՏել» ընկերությունը (ապրանքանիշը Beeline) հայտարարում է բազային կայանների արդիականացման եւ բջջային ցանցի ընդլայման աշխատանքների մեկնարկի մասին Դիլիջանում եւ նրա շրջակայքում: Կատարված աշխատանքների արդյունքում բջջային կապի ծածկույթը զգալիորեն կբարելավվի ոչ միայն Դիլիջանում, այլեւ քաղաքի մատույցներում:

«Մենք հատուկ նշանակություն ենք տալիս Դիլիջանին, քանի որ այն հեռանկարային եւ ամենաարագ զարգացող քաղաքներից մեկն է  Հայաստանի հյուսիսում: Հետաքրքրվածությունը ներդնողների, կառավարական կառույցների եւ տուրիստական միջազգային կազմակերպությունների կողմից  էլ ավելի անհրաժեշտ է դարձնում արդիականացնել ցանցերը` կապի ծառայությունների հանդեպ աճող պահանջարկը բավարարելու համար: Այդ իսկ պատճառով մենք առաջնահերթ խնդիր ենք համարում ապահովել Դիլիջան քաղաքը լավագույն բջջային ծածկույթով, ինչը հնարավորություն կընձեռի քաղաքի բնակիչներին եւ հյուրերին ավելի հարմարավետ օգտվել ինտերնետից եւ ձայնային ծառայություններից», - նշել է «ԱրմենՏել» ընկերության Գլխավոր Տնօրեն Անդրեյ Պյատախինը:

Աշխատանքները կընթանան մինչեւ նոյեմբեր ամսվա կեսերը, սակայն Դիլիջան քաղաքի բնակիչները եւ հյուրերն առաջին որակական փոփոխությունները կզգան արդեն իսկ մի քանի օրից:

Հիշեցնենք, որ 2013 թ. օգոստոս ամսվա սկզբին ընկերությունն ընդլայնել է բջջային ցանցը Սյունիքի մարզի արեւելյան սահմանի տարածքում` ապահովելով Խնածախ եւ Վաղատուր գյուղերի բնակիչներին բջջային կապով եւ շարժական ինտերնետով: Ցանցի ընդլայմանն ուղղված աշխատանքների արդյունքում ծածկույթն ավելացել է 22 քմ. կիլոմետրով, իսկ բջջային կապի ծառայություններից եւ  3G ինտերնետից այսուհետ կարող են օգտվել ավելի քան 1500 բնակիչ: