«Ազատագրենք հուշարձանն օլիգարխից» նախաձեռնությունը սկսում է իր գործունեությունը եւ պատրաստվում է կիրառել օրենքով չարգելված բոլոր միջոցները Փակ Շուկայի փրկության համար: Այս մասին այսօր` օգոստոսի 29-ին, Հին Երեւանի կենտրոնում կայացած ասուլիսի ժամանակ ասաց շարժման նախաձեռնող խմբի անդամ Գարեգին Չուգասզյանը: Նա նշեց, որ օգտագործելու են քաղաքացիական անհնազանդության ամբողջ զինանոցը` պիկետներ, բողոքի այլ ձեւեր:
Գարեգին Չուգասզյանը նշեց շարժման նպատակները, որոնք են` սեփականատիրոջը ենթարկել պատասխանատվության, հարկադրել հատուցել հուշարձանին հասցված վնասը, վերականգնել նախկին վիճակը, դադարեցնել սեփականատիրոջ իրավունքը, արգելել որեւէ տնտեսական գործունեության ծավալումը մինչ հուշարձանի վերականգնումը, իսկ վերը նշված պահանջները չկատարելու դեպքում իրավական միջոցներով սեփականտիրոջը զրկել սեփականության իրավունքից
Ակտիվիստը հիշեցրեց, որ շուրջ երկու տարի բոլորի աչքի առաջ կատարվում է պատմական հուշարձանի բարբարոսական ավերում, ըստ որում` այն ընդգրկված է հանրապետական նշանակության հուշարձանների ցանկում: Այս երկու տարիների ընթացքում թե անհատ քաղաքացիներ, թե նախաձեռնող խմբեր բազմիցս ահազանգել են պատկան մարմիններին կատարվող ապօրինության մասին, սեփականատերը երկու անգամ տուգանվել է.իսկ դրանից հետո գիտակցաբար շարունակել պատմաճարտարապետական հուշարձանի ավերումը: «Ամբողջ ընթացքում չգիտեինք, թե ներսում ինչ է կատարվում, բայց այժմ ակնհայտ են արտաքին խաթարումները, ներքին կերպարի խախտումը, այն, ինչ տեսանք, ակնհայտ դարձրեց, որ հուշարձանը այնպիսի խաթարման է ենթարկվել, որ պետք է պահանջենք վնասի փոխհատուցում»,- ասցա Գարեգին Չուգասզյանը:
Ճարտարապետ Սաշուր Քալաշյանն էլ նշեց, որ նույնիսկ այս վիճակով, երբ պատմամշակութային հուշարձանի տեսքն աղճատված է, հնարավոր է վերականգնել հուշարձանի նախկին տեսքը, որի համար բետոն է անհրաժեշտ: Նա շեշտեց, որ Մշակույթի նաարարությունը միակն է, որը հավատարիմ մնաց իր լիազորություններին եւ հետեւողական գտնվեց, սակայն քաղաքապետարանի հավաստիացումները չծառայեցին նպատակին:






























