Պարենային ապրանքների գները Երեւանյան խանութներում օգոստոսին փոփոխվել են առավելապես դեպի թանկացման ուղղությամբ, թեեւ կան նաեւ էժանացումներ:

Օգտվելով գների վերաբերյալ դիտարկումներից՝ NEWS.am-ը ներկայացնում է պարենային մի շարք ապրանքների գների փոփոխությունները օգոստոսին:

Շաքարավազն օգոստոսին շարունակել է էժանանալ, եւ «Երեւան Սիթի» սուպերմարկետների ցանցում գինը այս օրերին կազմում է 335 դրամ կգ-ի համար: Այլ խանութներում գինը տատանվում է 350-370 դրամի սահմաններում:

Բարձրացման միտում ունեն նորզելանդական «Անքոր» կարագի գները, փոխարենը ֆիննական «Վալիոյի» գինը գրեթե չի փոխվում: Այսպես՝ «Անքորի» կգ-ի գինը 2830 դրամ է՝ ամսվա սկզբի 2800 դրամի համեմատ: Որոշ խանութներում «Անքորի» գինը գերազանցում է 3000 դրամը:

Պանրի գները հիմնականում կայուն են, սակայն օգոստոսի կեսերին «Դուստր Մելանյայի» «Լոռի» պանիրը թանկացել է մոտ 200 դրամով եւ կազմել 2650 դրամ կգ-ի համար:

Մսեղենի գները հիմնականում կայուն են, սակայն նկատվում է տեղական թարմ հավի մսի ոչ մեծ թանկացում՝ մոտ 2,5%-ով (կգ-ը կազմում է 1690 դրամ, ամսվա սկզբի 1645 դրամի համեմատ): Փոխարենն էժանանում է բրազիլիական սառեցված հավի միսը՝ կգ-ն արժե 880 դրամ, ամսվա սկզբի 920 դրամի համեմատ: Նկատվում է նաեւ երշիկեղենի որոշ տեսակների թանկացում:

Ձվի գները վերջին շաբաթվա ընթացքում բարձրացել են միջինը 5 դրամով եւ կազմում են 65-75 դրամ:

Ձեթի գները օգոստոսին շարունակել են իջնել՝ շարունակելով հուլիսի միտումները: Այսպես՝ «Զոլոտայա սեմոչկա» ձեթը կարելի է գտնել 810 դրամով՝ ամսվա սկզբի 820 դրամի համեմատ: Իսկ «Ավոդովի» արեւածաղկի ձեթն արժե 825 դրամ՝ ամսվա սկզբի 835 դրամի համեմատ:

Ալյուրի էժանացումը հանգեցրել է նաեւ մակարոնի որոշ տեսակների էժանացման, ինչպես տեղական, այնպես էլ ռուսական արտադրության; Այսպես՝ ռուսական «Մակֆա» մակարոնի 0.5 կգ-ամանոց փաթեթն արժե 480 դրամ՝ ամսվա սկզբի 520 դրամի համեմատ:

Օգոստոսի առանձնահատկություններից մեկը բանանի զգալի թանկացումն է՝ կգ-ն արժե մոտ 900 դրամ, ամսվա սկզբի 820 դրամի համեմատ: