Արարատի նախկին քաղաքապետ Հակոբ Թովմասյանը դեռ չի որոշել` առաջադրել իր թեկնածությունը Արարատի տեղական ինքնակառավարման մարմնի ընտրություններին, թե ոչ: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Հակոբ Թովմասյանը:

«Դեռ հստակ չեմ կարող ասել, չեմ կարողանում կողմնորոշվել, թող պաշտոնապես օրը որոշեն, տեսնեմ` ինչ է, կասեմ անպայման լրատվամիջոցներին»,- ասաց նախկին քաղաքապետը` հավելելով, որ սպասում է, թե ովքեր են առաջադրվելու, ինչ ձեւաչափ է լինելու, ինչ վիճակ է լինելու, որպեսզի ծանրութեթեւ անի:

Հակոբ Թովմասյանն ասաց, որ հիմա ընտրվելու համար ավելի նպաստավոր պայմաններ են, ավելի ազատ է, քան երբեւէ: «Միջավայրը բոլորը ասում են` դիր, դիր, դիր, կողքդ եմ, մենակ մայրս ու աղջիկս են ասում` հետ կանգնիր: Այն օրը հարեւաններս կանգնած խոսում էին, ասացի` դուք իրա հետ որոշեք, ես գնացի»,- ասաց Հակոբ Թովմասյանը: Նա նշեց, որ իր առաջադրվելու կողմնակից է միջավայրը, կան մարդիկ, ովքեր իրեն երբեք չեն ընտրել, բայց այժմ նրանք մոտենում են եւ ասում` առաջադրվիր: «Ես ոռոգման ջուրը տալիս էի անվճար, աղբահանությունը իրականցնում էի 80 դրամով, հիմա ոռոգման ջրից գումար են գանձում, աղբահանությունը դարձրել են  200 դրամ,ես մշտապես բաց, թափանցիկ եմ եղել»,- ասաց նախկին քաղաքապետը:

Միեւնույն ժամանակ, նախկին քաղաքապետն ասաց նաեւ, որ ուզում է միաժամանակ պրոֆիլը փոխի եւ բիզնեսով զբաղվի, տնտեսական, կոսմետիկ միջոցների խանութ է բացել Արարատում, «նորմալ ստացվում է, նորմալ կազմակերպել եմ, բավական ներդրում եմ արել, քաղաքականությունից չես կարող հեռու մնալ, դու չզբաղվես քաղաքականությամբ, քաղաքականությունն է քեզնով զբաղվելու»:

Անդրադառնալով Արարատի ՏԻՄ ընտրություններին Հովիկ Աբրահամյանի որդու առաջադրմանը`  նախկին քաղաքապետը նշեց, որ դժվար թե Հովիկ Աբրահամյանին հետաքրքիր Արարատի քաղաքապետի պաշտոնը, եւ նա չի կարող իր որդուն առաջադրել, քանի որ վերջինս գրանցում չունի Արարատում, իսկ առաջադրվելու համար անհրաժեշտ է  վերջին երեք տարվա գրանցում եւ մեկ տարվա պարտադիր բնակություն: Նա  համաձայն չէ նաեւ այն պնդումներին, թե Արարատի քաղաքապետ կդառնա այդ մարզի ղեկավարի «մարդը» , քանի որ «այս քաղաքը բանվորական, պրոլետարական քաղաք է, դժվար է կառավարել, կարող է ասեն  մի բան, անեն այլ բան»:

«Այնպես չէ, որ կրավորական կեցվածք ընդունած եմ: Ինձ համար գերնպատակ է մահացած մարդու ետեւից կամ լավ, կամ ոչինչ, բայց որպես քաղաքացի, այս քղաաքի բնակիչ` ուրախ եմ, որ այս քաղաքում նա չի, առավել մանրամասն չեմ խոսի, նա այլեւս քաղաքապետ չէ, ես կուզեի` նա ապրեր, որեւիցե բան չլիներ, բայց ափսոս էր էս քաղաքը»,- ասաց նախկին քաղաքապետը: