Բրեմենի իշխանությունները պատրաստվում են վերափոխման ենթարկել հուղարկավորման վերաբերյալ օրենսդրությունը: Նախատեսվում է մահացածների հարազատներին թույլ տալ դիակիզումից հետո 2 տարվա ընթացքում դիափոշիով տարաները իրենց տանը պահել կամ դիափոշին սփռել ցանկացած վայրում: Ապագյում հնարավոր է, որ վերափոխումը տարածվի երկրի ողջ տարածքում:
Թեեւ Գերմանիայում հուղարկավորության գործընթացը կարգավորվում է ոչ թե համապետական օրենսդրությամբ, այլ դաշնային շրջանների առանձին ակտերով, առ այսօր դիափոշին տանը պահելը խստիվ արգելվում էր, գրում է «Ռոսիյսկայա գազետան»:
Պատգամավոր Մայք շեֆերի խոսքով, քաղաքացիները օրենսդրությունը վերանայելու խնդրանքով բազմիցս դիմել են բրեմենյան խորհրդարան: Մայք Շեֆերի խոսքով, առաջարկվող վերափոխումը արտահայտում է հանգուցյալի վերջին ցանկության նկատմամբ հարգանքը, հաղորդում է Russia Today-ը:
Առ այսօր Գերմանիայում նույնիսկ արգելում էին դիափոշիով տարաները տալ հանգուցյալի հարազատներին: Հոգեհանգստի եւ հուղարկավորության ողջ գործընթացքը կազմակերպում էին սգո ծառայությունները: Սակայն դա նպաստում էր «անօրինական բիզնեսի» զարգացմանը, երբ դիափոշին ուղարկում էին այլ երկրներ, ինչպես օրինակ Նիդեռլանդներ: Մարդիկ, անտեսելով օրենքը, դիափոշին տարածում էին հոլանդական հողում կամ գաղտնի տարաները բերում էին տուն, չնայած նրան, որ դրա դիմաց 5 հազար եվրոյի չափով տուգանքի էին ենթարկվում: Պաշտոնական վիճակագրության համաձայն Գերմանիայում 860 հազար հանգուցյալներից կեսը դիակիզման է ենթարկվում:





























