Էրեբունի վարչական շրջան կատարած հերթական աշխատանքային շրջայցի շրջանակում Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը բնակիչների հետ միասին նախ հանդիսավորությամբ բացել է Արցախի 10 եւ 18 հասցեների բակերը:

Երեւանի քաղաքապետարանի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից հայտնում են, թե քաղաքապետը շրջել է բակերում, ծանոթացել կատարված աշխատանքներին, զրուցել բնակիչների հետ: Տասնյակ տարիներ անխնամ մնացած բակային տարածքներն այսօր այլեւս համալրել են մայրաքաղաքի հարյուրավոր բարեկարգ բակերի շարքը: Գեղեցիկ զրուցարաններով, նստարաններով, մանուկների համար խաղահրապարակներով, ֆուտբոլի դաշտով կահավորված հանգստի հարմարվետ այս գոտիները բնակիչների հավաստմամբ սպասված ու ցանկալի նվեր էին, որոնց համար նրանք իրենց շնորհակալությունն են հայտնել քաղաքապետին: Տարոն Մարգարյանն էլ` ներկայացնելով Երեւանի քաղաքապետարանի այս տարվա ծրագրերն ու իր մոտեցումները, վստահեցրել է, որ քաղաքապետարանի նախաձեռնած բակերի համալիր բարեկարգման ծրագրերը լինելու են շարունակական. «Մայրաքաղաքի բոլոր վարչական շրջաններում լայն թափով շարունակվում են բակերի համալիր բարեկարգման աշխատանքները: Միայն Էրեբունիում այս տարի շուրջ 50 մեծ եւ փոքր բակերում իրականացվել եւ իրականացվում են տարածքների բարեկարգման, խաղահրապարակների ու մարզական գույքով կահավորման աշխատանքներ: Առաջիկայում հերթական բարեկարգ բակերի բացումներ կունենանք նաեւ Քանաքեռ-Զեյթուն, Դավթաշեն եւ Շենգավիթ վարչական շրջաններում: Հուսով եմ, որ մինչեւ նոյեմբերի սկիզբ այս տարվա բակերի բարեկարգման ծրագրով նախատեսված աշխատանքները կավարտենք: Վստահեցնում եմ, որ այս ծրագիրը լինելու է շարունակական, ինչի արդյունքում մի քանի տարիների ընթացքում Երեւանում անբարեկարգ բակեր այլեւս չենք ունենա»,- ընդգծել է քաղաքապետը:

Առողջ ապրելակերպին ուղղված տարբեր ծրագրերն ու միջոցառումները նույնպես քաղաքապետ Տարոն Մարգարյանի գործունեության ծրագրային առաջնահերթություններից են եւ բակերի համալիր բարեկարգման ծրագրերում այս տարի եւս առանձնակի ուշադրություն է դարձվել նաեւ ֆուտբոլի փոքր խաղադաշտերի կառուցմանն ու բակերում մարզական գույքի ավելացմանը. «Մայրաքաղաքի սպորտային կյանքն աշխուժացնելու, առողջ ապրելակերպը խթանելու եւ ֆուտբոլի մասսայականացման նպատակով, փորձելու ենք բոլոր այն տարածքներում, որտեղ հնարավոր է, կառուցենք ֆուտբոլի դաշտեր եւ կահավորենք մարզական գույքով: Ի դեպ, այս տարի 18 ֆուտբոլի դաշտեր ենք կառուցել, իսկ նախորդ երեք տարիների ընթացքում մայրաքաղաքի բակերը համալրվել են ֆուտբոլի շուրջ 60 հարմարավետ խաղադաշտերով»,- ընդգծել է Տարոն Մարգարյանը:

Շրջայցի շրջանակում քաղաքապետ Տարոն Մարգարյանը այցելել է նաեւ Վարդաշեն եւ Մուշական թաղամասեր, որտեղ եւս մայրաքաղաքի համաչափ զարգացման համատեքստում այս տարվա բակերի բարեկարգման ծրագրով իրականացվել են համալիր աշխատանքներ: