«Երեւան Ջուր» ՓԲԸ-ն պնդում է, թե Օշական եւ Ոսկեվազ գյուղերում ջրամատակարարման հետ կապ չունի: Ընկերության տարածած հաղորդագրության մեջ ասվում է. «Մեկնաբանելով Օշական եւ Ոսկեվազ գյուղերում oգոստոսի 28-ին արձանագրված աղիքային վարակիչ հիվանդության դեպքերը, ՀՀ Հիգիենիկ եւ հակահամաճարակային տեսչության Արագածոտնի մարզային կենտրոնի պետ Աննա Հարությունյանը հայտնել է «Արմենիա» հեռուստաալիքին, որ Բազմաղբյուրը, որտեղից իրականացվում է նշված գյուղերի ջրամատակարարումը, պատկանում է «Երեւան Ջուր» ընկերությանը: Վերջինիս աշխատակիցները եւս զբաղվում են խնդրի ուսումնասիրությամբ:

Այս կապակցությամբ հարկ ենք համարում տեղեկացնել, որ տվյալ հայտարարությունը չի համապատասխանում իրականությանը: «Երեւան Ջուր» ՓԲԸ չի զբաղվում Օշական եւ Ոսկեվազ գյուղերի ջրամատակարարմամբ, հետեւաբար չի կրում պատասխանատվություն այնտեղ ստեղծված իրավիճակի համար»:

Հիշեցնենք, որ օգոստոսի 28-ին Արագածոտնի մարզի Օշական եւ Ոսկեվազ գյուղերում արձանագրվել էր աղիքային վարակիչ հիվանդության ախտանշաններով 5 դեպք։ Հիվանդները հոսպիտալացվել էին Աշտարակի բժշկական կենտրոնում: Հիգիենիկ եւ հակահամաճարակային տեսչության մասնագետներն այդ համայնքներում անմիջապես կազմակերպել էին բակային համայցեր, որոնց ընթացքում հայտնաբերվել էր եւս 58 հիվանդ: Հիվանդների վիճակը գնահատվում է թեթեւ եւ միջին ծանրության: Նրանք տարիքային տարբեր խմբերից են։ Հիվանդության ախտանշանները բոլորի մոտ նույնն են եղել` ջերմության բարձրացում, սրտխառնոց, որովայնի ցավեր, լուծ, փսխում: Նախնական վարկածով վարակի հավանական աղբյուրը եղել է խմելու ջուրը: