Գերմանիան չի մասնակցելու Սիրիայի դեմ հնարավոր ռազմական գործողությանը: Այս մասին օգոստոսի 30-ին հայտարարել է Գերմանիայի արտգործնախարար Գիդո Վեստերվելեն, հայտնում է thelocal.de-ն:

Ըստ նրա՝ մասնակցության հարցն անգամ չի էլ քննարկվել Գերմանիայի հետ: Վեստերվելեն հավելել է, որ ՄԱԿ-ի տեսուչների աշխատանքը պետք է ավարտվի որքան հնարավոր է շուտ:

Հիշեցնենք, որ օգոստոսի 29-ի երեկոյան Մեծ Բրիտանիայի խորհրդարանը մերժել էր Սիրիայում «հումանիտար միջամտության» մասին բանաձեւը:

Ավելի վաղ նաեւ հայտնի էր դարձել, որ ՆԱՏՕ-ի արդեն 12 երկիր հրաժարվել են Սիրիայի դեմ գործողությանը մասնակցելուց, եթե այն չի արտոնվում ՄԱԿ-ի կողմից: Իր հերթին ԱՄՆ-ի պաշտպանության նախարար Չակ Հեյգելը հայտնել էր, որ ամերիկյան զինվորները Սիրիայում գործողություն կսկսեն միայն միջազգային դաշինքի կազմում:

Մինչ այդ Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը հայտարարել էր, որ Մեծ Բրիտանիայի խորհրդարանի մերժումը չի ազդի Ֆրանսիայի դիրքորոշման վրա: