Նոր Զելանդիայի Օքլենդում ձերբակալվել է մի ուղեւոր, որը փորձել է երկիր տանել արեւադարձային ձկնիկներ՝ փաթեթները թաքցնելով տաբատի գրպաններում:
Ըստ տվյալների՝ մաքսատան աշխատակիցները ձերբակալել են Ավստրալիայից ժամանած մի ուղեւորի, քանի որ վերջինիս արտաքին տեսքն իրենց կասկածելի է թվացել. նրա տաբատի գրպանները նկատելի դուրսպրծած են եղել, եւ դրանցից ջուր է հոսել, հայտնում է Radio New Zealand-ը:
Sky News-ը նշում է, որ սկզբում ուղեւորը (հայտնի է, որ վերջինս ազգությամբ վիետնամցի է) հայտնել է, թե իր գրպաններում օդանավում տրված ջրով բաժակներն են, սակայն անվտանգության ծառայության աշխատակիցների պահանջով նա ստիպված է եղել ցույց տալ գրպանների պարունակությունը: Պարզվել է, որ գրպաններում ջրով եւ յոթ ձկնիկով փաթեթներ են պահված եղել, հայտնում է lenta.ru-ն:
Տղամարդն ասել է, որ ձկնիկները պատրաստվում էր նվիրել ընկերոջը: Կենդանիներին, որոնց նա փորձում էր ապօրինի երկիր ներմուծել, առգրավել են:





























