ԱՄՆ-ի հատուկ ծառայություններն անհանգստացած են, որ ԱՄՆ-ի հնարավոր հարձակումը Սիրիայի վրա կարող է պատասխան գործողության առիթ հանդիսանալ եւ արդեն ամերիկյան մայրցամաքում ահաբեկչությունների հանգեցնել: Այդ իսկ պատճառով սիրիացիների նկատմամբ ՀԴԲ-ի կողմից սահմանված հսկողությունը կխստացվի:

Գործակալները նախատեսում են պարզել,  թե տեղաբնակ սիրիացիներից ով կարող է մասնակից լինել պատասխան ահաբեկչական գործողությունների նախապատրաստմանը: Մոտ օրերս կհարցաքննեն հարյուրավոր կասկածյալների, հաղորդում է New York Times-ը:

Բացի այդ կառավարությունը համարում է, որ Սիրայի դեմ ռազմական գործողությունների արդյունքում կավելանա կիբերհարձակումների քանակը: Սիրիական հաքերները նախկինում հայտարարել էին, որ կողմնակից են Բաշար Ասադի վարչակարգին: Նրա հաքերները մեկ անգամ չէ, որ հաջողությամբ կոտրել են բազմաթիվ ամերիկյան կայքեր,այդ թվում New York Times, Washington Post եւ Financial Times պորտալները, հաղորդում է Russia Today-ը:

Հարկ է նշել, որ երկու տարի առաջ Լիբիայի նախագահ Մուամար Քադաֆիի դեմ գործողության ժամանակ ՀԴԲ-ն հարցաքննել էր մոտ 1000 լիբիացու, ովքեր բնակվում էին ԱՄՆ-ում: Այն ժամանակ գերատեսչության ղեկավարը հայտարարել էր, որ այդ մարդիկ կարող են «հետախուզության սպաներ լինեն, ովքեր գաղտնի են գործում»: