Հայաստանում քայլեր են ձեռնարկվում անօդաչու ինքնաթիռներ ստեղծելու ուղղությամբ: Այս մասին NEWS.am – Ինովացիայի թղթակցի հետ հարցազրույցում տեղեկացրեց ոլորտին քաջածանոթ փորձագետ, որը ցանկացավ չհրապարակել անունը։ Ըստ նրա՝ Հայաստանում անօդաչու ինքնաթիռների կառուցելու ծրագրի գործարկումը երկրի համար հսկայական հաջողություն կլինի։ «Սա չափազանց կարեւոր ձեռքբերում կարող է լինել Հայաստանի նման փոքր պետության համար, որը անվտանգության ապահովման խնդրում շատ հարցեր կլուծի»,- ասաց աղբյուրը՝ ավելացնելով, որ համաշխարհային զարգացման միտումների հետ համահունչ գնալու համար անօդաչու ինքնաթիռների ստեղծման ծրագրին անհրաժեշտ է մեծ ուշադրություն դարձնել։ Ըստ նրա՝ դրանք այսօր հատկապես լայնորեն կիրառվում են հետախուզության ոլորտում, ինչպես նաեւ այլ ասպարեզներում: Օրինակ՝ Ադրբեջանը նման սարքեր գնում է Իսրայելից, Հայաստանը նման սարքեր ունենալու դեպքում մեծ առավելության կհասնի նրանց նկատմամբ:

Աղբյուրի կարծիքով՝ անօդաչու թռչող սարքերը հատկապես ձեռնտու են Հայաստանի նման փոքր պետությունների համար, քանի որ անհամեմատ ավելի քիչ ծախսատար են։