Գերմանիայում 96 տարեկան հասակում մահացել է Ադոլֆ Հիտլերի թիկնապահ Ռոհուս Միշը, ով ներկա է եղել բեռլինյան բունկերում Հիտլերի մահվանը, հաղորդում է Associated Press-ը:
Ռոհուս Միշը Հիտլերի թիկնապահն է եղել 1940-45 թվականներին: Նա նաեւ պատասխանել է հեռախոսազանգերին այնտեղ, որտեղ գտնվել է ֆյուրերը եւ կատարել տարբեր հանձնարարություններ, օրինակ կուրյերի: Նա 1945-ի ապրիլի 30-ին Հիտլերի բունկերում է եղել, երբ ֆյուրերը եւ նրա կին Եվա Բրաունը ինքնասպան են եղել: Միշը եւ մյուս թիկնապահները սենյակ են մտել ինքնասպանությունից հետո, հաղորդում է Lenta.ru-ն:
Այնուհետեւ Միշը գերի է ընկել խորհրդային զորքերին եւ 9 տարի անցկացրել բանտերում ու ճամբարներում: 1954-ին նրան թույլ են տվել վերադառնալ հայրենիք: Գերմանիայում նա կնոջ հետ փոքր խանութ է ունեցել:
2008-ին նա հրատարակել է իր հուշերը՝ «Վերջին վկան. Ես եղել են Հիտլերի հեռախոսավարը, կուրյերն ու թիկնապահը» վերնագրով:





























